Արմեն Պետրոսյան-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկու տարի առաջ կատարված քաղաքական փոփոխություններն արձանագրեցին տխուր փաստ՝
մեր կողքին, մեր քաղաքում ապրում են հազարավոր տղամարդիկ, ովքեր մեկ օրում պատրաստ են մոռանալ ընկերներին և դավաճանել հարազատներին՝ ղեկավարվելով «մի բան քերելու» ակնկալիքով կամ պարզապես օրվա իշխանություններին շողոքորթելու մոլուցքով։
Նրանք, ովքեր երեք տարի առաջ ամենավերջին բառերով էին արտահայտվում Նիկոլ Փաշինյանի մասին, այսօր բաց չեն թողնում փողոցում Փաշինյանի հետ սելֆի անելու կամ նրա լայվերը սրտիկելու հնարավորությունը։
Այդ նույն մարդիկ տարիներ առաջ հպարտանում էին, որ հեռակա կարգով ճանաչում են Միքայել Մինասյանին կամ փողոցում քայլել են Լևոն Քոչարյանի կողքով, սակայն այսօր փորձում են վիճարկել քաղաքականությամբ զբաղվելու Մինասյանի իրավունքը կամ պահանջում են կալանքի տակ պահել երկրորդ Նախագահին։
Հազար անգամ ավելի ընդունելի և գովելի է, երբ մարդ իրապես սկզբունքային լևոնական, հանրապետական կամ նիկոլական է, Քոչարյանի աջակից կամ Միքայել Մինասյանի կողմնակից՝ անկախ այն հանգամանքից՝ իր առաջնորդն այդ պահին իշխանություն է, թե ընդդիմություն, կալանքի տակ է, թե ազատության մեջ։
Սակայն այսօրվա իրականության մեջ նշված տղամարդիկ փոքրամասնություն են։
Փոխարենը մեր քաղաքում ապրում են հազարավոր մարդիկ, ում համար պատիվն ու արժանապատվությունն անհասկանալի կատեգորիաներ են, իսկ ցանկալի պաշտոնն՝ ավելի թանկ, քան սեփական կնոջ արժանապատվությունը։
Ամենացավալին այն է, որ ցանկացած իշխանություն հանդուրժում է նշված տեսակի ներկայությունն իր շարքերում՝ նրանց «շնորհիվ» օրեցօր ավելի կտրվելով իրականությունից և մեր պետականության առջև ծանրացած խնդիրներից»։