Ի պատասխան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այն մտահոգության, թե պատասխանատու գերատեսչությունները պետք է իրականացնեն արտերկրում զորակոչիկ հանդիսացող քաղաքացիների իրազեկման աշխատանքներ, պարզաբանում և խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ՀՀ ՊՆ և ԱԳՆ համագործակցության արդյունքում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով ապահովվել և շարունակում է ապահովվել արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիների իրազեկման գործընթացը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։«Մասնավորապես, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում, օրինակ՝ ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, ԵՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԱՄԷ և այլն, տեղադրվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն․«ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է, որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն armiranembassy@mfa.am էլ-փոստի հասցեին՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: ՀՀ դեսպանությանն ուղղված նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp։Առաջին իսկ հնարավորության դեպքում դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»:Այս պահին հաշվառվել են զորակոչի ենթակա տասնյակ քաղաքացիներ, որոնց տվյալներն ուղարկվել են ՀՀ զինվորական կոմիսարիատ ճշգրտումներ կատարելու նպատակով։ Միաժամանակ, ՀՀ ՊՆ ստորաբաժանումները ԱԳՆ-ի հետ համատեղ նաև անհատական իրազեկման աշխատանքներ են իրականացնում։ Այս ընթացքում Պաշտպանության նախարարությունը արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներից և նրանց ծնողներից ստացել է տասնյակ զանգեր, որոնք ուղղորդվել են ըստ կարգի։Եվս մեկ անգամ հորդորում ենք արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներին կապ հաստատել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ ՀՀ վերադարձը կազմակերպելու և օրենքով սահմանված պարտականությունները կատարելու նպատակով», – նշել է ՊՆ խոսնակը։