Կարեն Կարապետյանը կմասնակցի Քոչարյանի գործով դատական նիստին, իսկ մայիսի 11-ին կգնա ԱԺ

24Newsի տեղեկությունների համաձայն, վաղը՝ մայիսի 8-ին, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին, իսկ մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, նախկին պաշտոնյան կներկայանա ԱԺ՝ մասնակցելու ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին:

Նշենք, որ վերջին բարձրաստիճան պաշտոնյան, որ մասնակցել էր քննիչ հանձնաժողովի նիստին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, իսկ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մերժել էր նիստին մասնակցելու առաջարկը:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը մի քանի ամիս է՝ պատրաստվում էր դատական նիստերից մեկի ժամանակ ներկայացնել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։

Աղբյուրը՝ 24news.am