Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը դեռ ուժի մեջ է. այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Ըստ 2018-ի հունիսին ընդունված օրենքի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձինք, որոնք մինչև երեխայի 2 տարին լրանալը ցանկանում են վերադառնալ աշխատանքի, կարող են ստանալ պետական աջակցություն՝ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որը ներկայում 68.000 դրամ է:
Ծրագրին դիմել ցանկացողները պետք է նախապես հաշվառված լինեն իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոններում:
Աջակցությունը տրվում է ծրագրում ընդգրկված անձանց յուրաքանչյուր տարի, ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով, քանի որ աշխատողը մեկ ամիս արձակուրդի իրավունք ունի: Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը:
«Ծրագրի պայմանները նույնն են: Դայակ կարող է հանդիսանալ յուրաքանչյուր մարդ, որը գրանցված չէ երեխայի հետ նույն հասցեում, օրինակ՝ տատիկը, հորաքույրը, մորաքույրը»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Ծրագրով առաջնահերթություն տրվում է այն մարդկանց, որոնք համապատասխանում են հետևյալ պայմաններից մեկին.
1) ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը
2) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են, կամ
3) ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա, կամ
4) ունեն երեք և ավելի երեխա, կամ
5) ունեն հաշմանդամություն ունեցող երեխա:
Աջակցության տրամադրման պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձը տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) իր՝ աշխատանքի վերադառնալու և իրեն վճարվող միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանք,
2) դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը,
3) հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:
Երեխայի խնամքի կազմակերպման պայմանագիրը կարող է լինել կամ քաղաքացիաիրավական, կամ աշխատանքային:
Աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում գործատու հանդիսացող մայրը պետք է կատարի ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները:
Դայակի կամ նախադպրոցական հաստատության փոփոխության դեպքում` ծրագրում ընդգրկված անձը պայմանագիր կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա կրկնօրինակը պետք է ներկայացնի զբաղվածության տարածքային կենտրոն:
Պայմանագրով նախատեսված գումարը դայակին փոխանցելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային փոստի միջոցով ծրագրում ընդգրկված անձը զբաղվածության տարածքային կենտրոն պետք է ներկայացնի փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ դայակի կողմից եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի սքանավորված տարբերակը: