ՀՐԱՏԱՊ Կրկնակի վարակման 3 դեպք, որը պարզվել է փորձնական թեստավորման արդյունքում. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին կարող է կրկին վարակվել: Այս մասին նա նշել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորների հարցին պատասխանելիս: Նախարարի խոսքով` արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել:«Հիմա ակադեմիական մեծ դեբատ է գնում՝ արդյո՞ք դա կրկնակի վարակ է, արդյո՞ք մարդը բուժվել է ամբողջությամբ ու նորից վարակվել, թե՞ վիրուսն ապաակտիվացել է, հետո ակտիվացել։ Մեր ունեցած մի քանի դեպքերը թվով 3-ն են այս պահին, որևէ գանգատ չունեն, ախտանշան չունեն, բայց դուրս գրվելուց 2 շաբաթ հետո վիրուսը հայտնաբերվել է։ Նրանց իզոլացրել ենք»։

Թորոսյանը նաև նշեց, որ շուրջ 50 քաղաքացու փորձնական թեստավորման արդյունքում են պարզել կրկնակի վարակման դեպքերը, երբ արդեն դուրս գրված քաղաքացիները 2 շաբաթ անց կրկին թեստավորել են:

Արսեն Թորոսյանի խոսքերով՝  նման դեպքեր գրանցվել են Չինաստանում, Հարավային Կորեայում, վերջինիս գիտնականներն էլ ասել են, որ վիրուսի ապաակտիվ բջջիջները, ամենայն հավանականությամբ, պահվում են բերանի խոռոչում, որը 2-3 ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հայնաբերվում է: Հայտնաբերման մեթոդն աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ նյութի, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում` առանց պատյանի: Դա չի բազմանում ու չի արտազատվում: Ամեն դեպքում նախարարի հորդորն է՝ նույնիսկ դուրս գրվելուց հետո պետք է պահպանել անվտանգության կանոնները։

Աղբյուրը՝ shantnews.am