Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակներում և բնակարաններում խուզարկությունն ավարտվել է. ոչինչ չի հայտնաբերվել. պաշտպան

ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակներում և բնակարաններում իրականացվել են համաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հավանաբար փաստաթղթեր էին փնտրում։ «Այս խուզարկություններն իրականում վաղուց կատարվել էին, քանի որ սովորաբար խուզարկություններ արվում են գործի սկզբնական փուլում»,-հավելեց փաստաբանը։

Վերջինս նշեց նաև, թե Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացնելը, այս խուզարկությունները պայմանավորված են Խաչատրյանի՝ օրերս արած հայտարարությամբ: «Այս քայլերն արդեն այդ ուղղությամբ մտածելու համար ոչ մի կասկած չեն թողում, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ ճնշումներ գործադրելու համար»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Անդրադառնալով Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքի լրացմանը, որը կապված է «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, փաստաբանն ասաց, թե դրանք աբսուրդ մեղադրանքներ են:

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սարգսյանի տեղեկացմամբ՝ այսօր պետք է կայանար նիստը, սակայն Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների միջնորդությամբ հետաձգվել է՝ նյութերին ծանոթանալու համար։

tert.am