ՊԵԿ-ում 2020-ի 1-ին եռամսյակի պարգևավճարները կազմել են ավելի քան 1 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահը պարգևատրվել է 2 անգամ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տրված պարգեւատրման գումարները օրենքով սահմանված պահումներից հետո կազմել են 1.038.852.900 դրամ, որը համարժեք է շուրջ 2.146.400 ԱՄՆ դոլարին, այս մասին տեղեկացնում է AntiFake.am-ը՝ հղում անելով Պետական եկամուտների կոմիտեից ստացված հարցման պատասխանին:

Ըստ աղբյուրի՝ հունվար, փետրվար եւ մարտ ամիսների պարգևատրումները կազմել են՝ համապատասխանաբար 203.096.100, 426.825.600 եւ 408.931.200 դրամ:

ՊԵԿ-ից միաժամանակ հայտնել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պարգեւատրվել է երկու անգամ:

Պարգեւատրման ընդհանուր գումարը օրենքով սահմանված պահումներից հետո կազմել է 2.198.000 դրամ, որից 1.099.000 դրամը՝ հունվար, իսկ 1.099.000 դրամը՝ փետրվար ամսվա համար: