Ընդունելության քննությունները տեղի են ունենալու, ի՞նչ պետք է արվի դիմորդների ու քննությունն ընդունողների անվտանգությունն ապահովելու համար: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
«Այս որոշումը կայացնելիս սերտ համագործակցել ենք ու շարունակելու ենք համագործակցել առողջապահության նախարարության հետ՝ իրենց համապատասխան ցուցումները ստանալու համար: Վստահ եմ, որ անցած երկու ամսվա ընթացքում, երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել, մեր բնակչության մեծամասնությունն արդեն որոշակի հմտություններ ձեռք է բերել՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար: Հիմա մեր կողմից համապատասխան ջանքեր պետք է գործադրենք, որ քննությունների ժամանակ համապատասխան հեռավորությունը պահպանենք, կուտակումներ թույլ չտանք. ախտահանումները տեղի ունենան, դիմակներ լինեն»,- ասաց Հարությունյանը:
Նախարարն ավելացրեց, որ քննությունները լինելու են հուլիսի առաջին տասնօրյակում: Իսկ դիմումների գործընթացը լինելու է առցանց:
Աղբյուրը՝ shantnews.am