«Համակարգչային սարքավորումների հավաքագրման և ըստ մարզերի բախշման նախաձեռնություն ունեինք։ Դրանք հավաքագրել և տրամադրել ենք մարզերին, փորձել ենք համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ։ Երբ հավաքագրել էինք սարքերի պահանջը, խոսում էինք շուրջ 24․000 սարքերի պահանջի մասին, որ ստացվել էին բոլոր մարզերից։ Ընթացքում նաև բազմաթիվ դիմումներ էին գալիս նախարարություն, և մենք հասկանում էինք, որ այդ սարքերի պահանջի ծավալը զգալի է, և սա է նաև այն որոշման հիմքերից մեկը, թե ինչու ենք գործընթացն ամփոփում մինչև մարտի 13-ն ունեցած արդյունքների հիման վրա»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Ինչ վերաբերում ինտերնետ կապին, ապա մենք փորձել ենք բանակցել և ունեցել ենք համաձայնություն՝ կապի բոլոր օպերատորների կողմից։ Խոսքը մատչելի սակագնի մասին է, որի մեջ ներառված են նաև բոլոր կրթական հարթակների՝ հիմնական, ամսական, անսահմանափակ օգտագործման հնարավորությունը։ Հասանելիությունը փորձել ենք ապահովել մեր կողմից ստեղծվող ուսումնական բովանդակության միջոցով․ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվում են հանրայինից բաց դասերը, մարզային հեռուստաընկերությունների միջոցով հեռարձակվում են մեր տեսադասերը, յութուբյան ալիքում ևս տեսադասեր են տեղադրվում, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ուսումնական պլաններին և լայնորեն տարածվում են կապի օպերատորների տրամադրած առանձին տարածքներում։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ հասանելիության խնդիրները մնում են, և այս տարվա ամփոփման որոշումների հիմքում ընկած է հենց այս հանգամանքը»,- շարունակեց նա:
Հարցին, թե դպրոց ընդունվելու համար առաջին դասարանցիներին ե՞րբ պետք է գրանցել, ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատասխանեց․
«Ուզում եմ հիշեցնել, որ անցած տարի Երևանում էլեկտրոնային եղանակով է կատարվել ընդունելությունը, այս տարի ամբողջ հանրապետությունում կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Գործընթացի կազմակերպումը նախատեսել ենք հունիսի առաջին տասնօրյակում»։
Աղբյուրը՝ 168.am