Լավրովը ոգևորեց նախկին համակարգին. Աքիլլեսյան գարշապարը դարձյալ բացվեց

Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Լավրովի աղմկոտ հայտարարությունները Հայաստանում խթանեցին նախկին իշխող համակարգի տարբեր խմբավորումների և թևերի աշխուժություն, իշխանությանն ուղղված քննադատությամբ: Լավրովն այդ իմաստով ակնհայտորեն ոգևորել է այդ շրջանակին, ինչն իհարկե առաջացնում է հարց՝ դա արվե՞լ է այդ նպատակով, եղե՞լ է այդպիսի նպատակ, թե ոչ՝ և Լավրովի հայտարարությունները պայմանավորված են լոկ այն արտաքին քաղաքական հարցերի համադրությամբ, որ ունի Ռուսաստանը, և որի մեջ բնականաբար ներառված է նաև արցախյան հարցը՝ ռեգիոնալ լայն համատեքստում: Բոլոր դեպքերում ակնառու է, որ հերթական անգամ Հայաստանում դրսևորվում է հայկական քաղաքականության «աքիլլեսյան գարշապար» հիշեցնող երևույթը, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքի դինամիկան կամ շնչառությունը պայմանավորվում է Ռուսաստանից որևէ ազդակով կամ մեսիջով, Ռուսաստանի հետ կապված հույսով, որ տածում են այդ քաղաքական կյանքի տարբեր մասնակիցները:

Ընդ որում, հարցն այստեղ անշուշտ Ռուսաստանը չէ, այլ ընդհանրապես որևէ երրորդ երկրի հետ կապված հույսով քաղաքականություն վարելը, որ կարող է լինել մի ամբողջ քաղաքական դաշտի հիմնական կամ գերակա շարժիչ: Ռուսաստանի հանգամանքը սակայն տվյալ պարագայում ունի նաև առարկայական նշանակություն, հաշվի առնելով ռուսական քաղաքականության կամ գործելաոճի այն արատավորությունը, որ առկա է համաշխարհային մասշտաբով և ինչն աչքի է ընկնում ապակառուցողականության ահռելի չափաբաժնով:

Բանն այն է, որ Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության իր չափաբաժինը ներկայումս իրականացնում է ավելի շատ այսպես ասած խանգարելու տրամաբանությամբ, ապակառուցողականության, կորստաբերության վրա խաղադրույք կատարելով, քան ստեղծագործականության մղումով: Ռուսաստանը, հատկապես Պուտինի կառավարման երկու տասնամյակի ընթացքում, համաշխարհային քաղաքական մրցունակության համատեքստում խաղադրույք է կատարել ոչ թե ավելի գրավիչ լինելով նոր գործընկեր ձեռք բերելու, այլ առավել այսպես ասած սարսափազդու լինելով նոր հպատակներ և ազդեցության տիրույթներ նվաճելու գործելաոճի վրա: Այդ գործելաոճն առավել ագրեսիվ է դրսևորվում որևէ տեղ, որտեղ նկատվում է թույլ օղակ և ճեղքելու հնարավորություն: Եվ այստեղ է, որ Հայաստանը ցավոք սրտի ռուսական քաղաքականության շրջանառության համար դիտարկվում է թույլ օղակ, այն իմաստով, որ այստեղ քաղաքական դերակատարների մի մեծ մասը թե նախկինում, թե փաստորեն հիմա, պատրաստ է Հայաստանի պետական շահի և անվտանգության դեմ արվող ռուսական որևէ հայտարարություն օգտագործել Հայաստանի դեմ, մեծացնելով Հայաստանի վրա այդ հայտարարությունների ազդեցության կամ ներգործության արագությունը: Եվ այդ հանգամանքը անշուշտ հիանալի են արձանագրել թե ռուսական շրջանակները, թե նաև Ադրբեջանը, արդեն տարիներ շարունակ առնվազն պրոպագանդիստական, տեղեկատվական դաշտում հմտորեն խաղալով դրա վրա:

Աղբյուրը՝ 1in.am