Ռոբերտ Քոչարյանը վախենում է. վտանգավոր իրավիճակ է

lragir.am-ը գրում է․ «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի արդեն հայտնի դիրքորոշումը շարունակում է փոթորկել ցանցը:

Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանական թիմն էլ շարունակում է կորոնավիրուսի պայմաններում աշխուժորեն փնտրել խափանման միջոցի փոփոխության հնարավորություն եւ ձեավորել դրա համար անհրաժեշտ մթնոլորտ: Դա չի ստացվում, նկատելի է: Բայց դա այլ հարց է:

Ակնհայտ է, որ քաղաքական եւ պաշտպանական մարտավարությունից դուրս, այստեղ առկա է մարդկային պարզ վախը՝ Ռոբերտ Քոչարյանի վախը իր առողջության եւ կյանքի համար: Անկասկած է, որ համաճարակի հանգամանքն օգտագործվում է խափանման միջոցի փոփոխության վաղուց ի վեր գործադրվող ջանքի հավելյալ փաստարկման համար:

Բայց, Ռոբերտ Քոչարյանը մարդ է՝ այդ իրողությանը բնորոշ բոլոր, այդ թվում վախի զգացումով հանդերձ: Ավելին, սովորաբար մարդու կոշտությունն ու դաժանությունը հոգեբանական հարթության վրա վերագրվում է նաեւ հենց վախի ուժեղ զգացումին, ինչը մարդուն ստիպում է հաճախ դիմել հարցերը ուժով լուծելու տարբերակին՝ այլ լուծումներ գտնելու վախից ելնելով:

Բայց, դա էլ այլ հարց է: Ռոբերտ Քոչարյանը մարդ է, որը կարող է եւ թերեւս վախենում է իր առողջության համար, ընդ որում նույնիսկ որոշակի տեսանկյունից նաեւ քաղաքական պատճառով, ինչի համար կա նաեւ հենց նրա պատասխանատվությունը:

Բանն այն է, որ երկրորդ նախագահն իր պաշտպանության համար հենց սկզբից չարդարացված մեծ խաղադրույք կատարեց քաղաքականության վրա: Կամ, քաղաքականությունն էր մեծ խաղադրույք կատարել նրա վրա: Հանրագումարում ստացվեց մի իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանին հարվածի պատեհ թիրախ ամենատարբեր արտաքին խմբերի համար:

Երկրորդ նախագահն անկասկած գիտակցում է իրավիճակի այդ բարդությունն ու բազմաշերտությունը, ինչի առիթով էլ դեռ կորոնավիրուսից առաջ էր բարձրաձայնում իր առողջության եւ այդ կապակցությամբ ունեցած կասկածների մասին:

Նրա փաստաբան Հայկ Ալումյանը մեկ-երկու ամիս առաջ հայտարարել էր, թե ինչպե՞ս է կատարյալ առողջ մարդը հանկարծ հայտնվել առողջական խնդիրների մեջ: Նա հայտարարել էր, թե հետամուտ է լինելու այդ հարցի պատասխանը գտնելուն:

Արդյոք դա մի կողմից թողնելով մեղադրական կասկածի տպավորություն, մյուս կողմից քաղաքական ակնարկ չէր իշխանությանը, որ երկրորդ նախագահը կարող է դառնալ մեկի թիրախը, ով այդպիսով կուզի հարվածել Հայաստանին եւ կարող է նաեւ հասնել նպատակին:

Իսկ առկա խնդիրն ավելի է բորբոքել խորհրդավոր վարակը, որը կարծես թե անցնում է բոլոր արգելքներն, այդպիսով միանգամայն բնականորեն մարդկային վախ առաջացնում ցանկացած մեծահասակի հանդեպ՝ առավել եւս առողջական խնդրով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում