ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդոն Մարուքյանն այսօր ԱԺ հատուկ նիստում նախագիծ էր ներկայացրել՝ արտակարգ դրության ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակումը չեղարկելու վերաբերյալ, որը ձայների մեծամասնությամբ չընդունվեց:
Անդրադառնալով նախագծին` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց՝ հասկանալի է, որ համաճարակի պայմաններում տնտեսական կյանքը չպետք է կանգնի, սակայն պարզ է, որ այն առաջարկները, որոնք եղել են ԼՀԿ-ի կողմից, մանրակրկիտ քննարկել են, որոնք իրենց մեջ ներառում են այն փիլիսոփայությունը, որի մասին միշտ ընդդիմությունն ասել է, որ չպետք է կանգնեցնել տնտեսական կյանքը:
«Սակայն տեսեք, Երևանի Մետրոպոլիտենի հետ կապված հարցը շատ խնդրահարույց է, պարոն Մարուքյանն էլ ասաց, որ այն շատ ռիսկային է, այն պարզ պատճառով, որ ախտահանելը դժվար է, գրեթե անհնար: Բացի այդ, փակ տարածքում մարդկանց հավաքվելը ռիսկայնություն է պարունակում: Դրա հետ միասին՝ պետությունը պարտավոր է սուբսիդավորել մարդկանց կանոնավոր հասնելը մինչև աշխատավայր: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ մենք նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու»,- նշեց պատգամավորը:
Վարման կարգով հանդես եկավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը և դիմելով Էդմոն Մարուքյանին՝ ասաց.
«Պարոն Մարուքյան ջան, ջան ասեմ, ի՞նչ ասեմ, դուք կալանավայրերին լավ տեղյակ եք, նման բան չի եղել, որ կալանավայրերից ամեն օր չհանեն կալանավորներին զբոսանքի, նման բան չկա, ինքս 1,5 տարի մնացել եմ ԱԱԾ նկուղում, և ամեն առավոտ, այն իշխանության օրոք հանել են, ման են տվել: Ես ասում եմ՝ նման բան չկա, նստեք՝ իմացեք»:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր նախագծով առաջարկել էր՝ սանիտարահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ վերաբացվի Երևանի մետրոպոլիտենի և ավտոբուսների գործունեությունը, շինանյութի, տնտեսական և սպորտային խանութների գործունեության վերականգնում, արհեստագործական նշանակության կետերի վրա սահմանափակումների վերացում, միջմարզային տրանսպորտի գործունեության թույլատրում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նպատակով, մեքենաների տեխնիկական սպասարկման կետերի աշխատանքի թույլտվություն, օրթեզավորման կենտրոնների վերաբացում և կահույքագործական աշխատանքների թույլատրում:
Աղբյուրը՝ 168.am