Գիտնականները պարզել են՝ ընկույզների որ տեսակն է օգնում ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին վերանայել սննդակարգը, քանի որ շատ հաճախ քաշի ավելացման պատճառ է հանդիսանում հենց սխալ սննդակարգը։ Սննդաբանների խոսքով՝ այս խնդրի դեմ պայքարում շատ արդյունավետ կարող են լինել ընկույզները, որոնք ոչ միայն համեղ են, այլև շատ օգտակար։ Ավելին՝ ընկույզներն օգնում են վերահսկողության տակ պահել ախորժակը, ինչը շատ կարևոր է նիհարել ցանկացողների համար։

Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ առավել օգտակար է նուշը։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական անպայման 30 գրամ (3-5 հատ) նուշ օգտագործել, ինչը թույլ կտա ազատվել սաստիկ քաղցից և խուսափել ոչ օգտակար և բարձր կալորիականություն ունեցող մթերքի գործածությունից։

Փորձագետների խոսքով՝ մի բուռ նուշն օգնում է բարձրացնել սպիտակուցների մակարդակն ու նվազեցնել աղի գործածությունը, որը նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը։ Բացի այդ, ընկույզի այս տեսակը դրական ազդեցություն է ունենում ընդհանուր ինքնազգացողության վրա։ 

Գիտնականները նման եզրահանգման են եկել գիտափորձից հետո, որին մասնակցել են երեխաներ ունեցող ընտանիքներ։ Գիտափորձի շրջանակներում ծնողները երեք շաբաթ շարունակ օգտագործել են օրական 40 գրամ նուշ, իսկ երեխաները՝ 15 գրամ։ Որոշ դեպքերում երեխաների համար նախատեսված նուշը փոխարինվում էր նույն քանակությամբ նշի յուղով։

Գիտափորձից առաջ գիտնականները որոշել են այդ ընտանիքներում առողջ սննդի գործակիցը, ինչը թույլ է տվել որոշել սննդակարգի որակը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ գիտափորձից հետո բոլոր մասնակիցների մոտ այդ գործակիցը զգալիորեն բարձրացել է։

Գիտնականների խոսքով՝ նուշը շատ օգտակար մթերք է, որը թույլ է տալիս ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքեր գործադրելու, սակայն էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար մասնագետները հորդորում են չմոռանալ նաև սննդակարգում միրգ ու բանջարեղեն ներառելու կարևորության մասին։

Նյութի աղբյուրը՝ med2.ru