Հակոբ Ճաղարյանն ասել է՝ կամ իմ մշակած հայեցակարգով ենք աշխատում, կամ ոչ մի, դա ինձ համար ընդունելի չէր. Տաթևիկ Ռևազյան

Իրականում ես բոլորի հետ բաց եմ համագործակցելու համար և որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, պարզ է, որ տարաձայնությունները եղել են գործնական: Այս մասին հեռակապով հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ հարաբերություններ է  ունեցել վարչապետի ավիացիոն գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ:

Ռևազյանը նշեց, որ այս երկու տարվա ընթացքում ոչ մի ինտրիգների մեջ չի մտել, կենտրոնացել է աշխատանքի վրա, բայց, ըստ նրա, ճիշտ կլինի նշել մի քանի օրինակ: «Մի խնդիրն օրինակ հայեցակարգի մասով էր առաջացել: Մեզ մեծ հանձնարական էր եկել, որ մենք համատեղ պետք է հայեցակարգ մշակենք ՀՀ-ի համար, բայց պարոն Ճաղարյանի կողմից արդեն իսկ մշակված հայեցակարգն իր համար վերջնական տարբերակն էր, երբ մենք ասում էինք՝ եկեք համատեղ այդ ամեն ինչն անենք, ինքը մերժում էր, ասում էր՝ կամ իմ ձևաչափով ենք աշխատում, կամ ոչ մի: Դա ինձ համար անընդունելի է»,- ասաց Ռևազյանը:

Վերջինս նշեց, որ երկրորդ խնդիրը կապված էր նրա հետ, որ Ճաղարյանը երեք մասնագետ էր առաջարկել, որ կարողանան պատրաստված լինեն այցին: «Մենք կապի մեջ ենք եղել: Ասաց ներկայացրեք, թե ինչ մասնագետների մասին է խոսքը, ես տեղյակ եմ, բոլորի ռեզյումեն տեսել եմ, բայց վերջում որոշում ենք կայացրել չներգրավվել այդ երեք անձին»,- ասաց նա:

ՔԱԿ ղեկավարը նշեց, որ ունեին երկու տարբերակ. «Մի տարբերակը, որ երեք մասնագետներ էին, 7 օրով գալու էին Հայաստան, տպելու էին փաստաթղթեր, 30 հազար դոլար էինք վճարելու, և իրականում ոչ մի կոնկրետ հարց չէինք լուծելու: Իրականում թիմը, որ եկավ Հայաստան, ասաց՝ ինչ լավ է, որ դուք փաստաթղթեր չեք տպել, որովհետև մենք դա շատ արագ կհասկանայինք և կնկատեինք: Որովհետև հիմնական խնդիրն այնքան փաստաթղթերում չէ, որքան այն, որ մեր մասնագետները չեն կարողացել փաստաթղթերը պատշաճ բացատրել»,- ասաց նա:

Ռևազյանը նշեց, որ բացի այդ, մասնագետները, որոնց առաջարկել էր Ճաղարյանը, քաղավիացիայի փորձ չունեին: «Իրենք հիմնականում ավիաընկերություններում են աշխատել, ավիաընկերություններին են աջակցել՝ վերացնել խնդիրները: Իսկ մենք այլ տարբերակ ունեինք, մի քանի ամսով ներգրավել մասնագետի՝ վճարել մեկ մլն դրամ, որը  Հոլանդիայի Քաղավիացիայում է աշխատել և ունի 20 տարվա փորձ: Հաշվի առնելով մասնագետների ճիշտ փորձը՝ մեզ համար որոշումը շատ պարզ էր: Ճաղարյանն ասաց, որ հիմնավորում չի ստացել, ինչը ուզում եմ հերքել, շատ մարդիկ են եղել սեղանի շուրջ և այս հիմնավորումն իրեն տրվել է»,- շեշտեց Ռևազյանը։

tert.am