«Մենք լավ մասնագետներ ունենք: Հանրային բժշկական խորհուրդ ձեւավորեք՝ սահմանափակ անձանց թվով, ներառելով նաեւ դատական բժիշկների»,-ԱԺ այսօրվա նիստում այսօր դիմելով արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նման առաջարկ արեց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Ավինյանն արձագանքեց, որ առողջապահության նախարարությունը պարբերաբար հանդիպումներ կազմակերպում է, այդ թվում արտասահմանցի ճանաչված մասնագետների հետ. «Բայց եթե կան մասնագետներ, ովքեր ցանկանում են ներգրավվել գործընթացում, կարծում եմ՝ նախարարությունը համաձայն կլինի»: Ապա Միքայելյանը պնդեց իր տեսակետը դիահերձման առնչությամբ. «Դիահերձմամբ է հնարավոր հաստատել, թե որ հիվանդությունն է իրականում մահվան պատճառ դարձել»:
Հիշեցնենք, որ վերջերս ընդունված օրինագծով արգելվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիահերձումը: Տիգրան Ավիյանը նշեց. «Համաձայն եմ, դիահերձումը գիտական տեսանկյունից կարեւոր է, բայց դրա համար համապատասխան միջավայր է պետք, որպեսզի դիահերձումը վտանգ չհանդիսանա դիահերձողների համար: Մոտ մեկ ու կես ամիս անց կկարողանանք գործընթացը պատշաճ ձեւով կազմակերպել»:
Այնուհետեւ Սասուն Միքայելյանը մեկ այլ առաջարկ հնչեցրեց. «Գյուղացիների մեծ մասը վարկերի տակ են: Երկրորդ համաշխարհայինը մարդիկ կարտոֆիլով ապրեցին, հաղթեցին, նման բաներ ցանեք հացահատիկից բացի: Սա կարող է երկար տեւել, սրանից պրծնենք՝ ուրիշ աղետի առաջ չկանգնենք, որովհետեւ ուրիշ պետություններ չեն կարողանա մեզ օգնել, գոնե մենք մեր գլխի տերը լինենք»:
Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ պարենային անվտանգությունն առաջնային խնդիր է. «Տեղական եւ ներկրվող ապրանքների վերաբերյալ այլընտրանքային ճանապարհների որոնումը մեր օրակարգում է: Իսկ տեսանելի ապագայում պարենային լուրջ խնդիրներ չենք ունենալու, թեեւ կան որոշ գնային տատանումներ»:
Աղբյուրը՝ aravot.am