Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով քաղաքացիներին, հորդորեց Զատկի միջոցառումներին չմասնակցել, հիշեցրեց՝ նման կոչով դիմել է նաև եկեղեցին:

Վարչապետը նաև անդրադարձավ առաջիկա ամիսներին նշվող հիշատակի օրերին և տոներին:

«Առաջիկայում ապրիլի 24-ն է, և մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը. մեր եզրակացությունն այն է, որ այս միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն, ավելի ճիշտ՝ քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պիտի սահմանափակվի: Հակառակ պարագայում կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում:

Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն՝ այն պաշտոնյաները, որ ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն այն, նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ին և 9-ին, մայիսի 1-ի հետ կապված էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- ասաց նա:

Վարչապետը հույս հայտնեց, որ քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան այս որոշումներին, քանի որ դրանք կայացվում են հանուն մարդու, քաղաքացու, ոչ թե ի հեճուկս նրանց: Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը կա համաճարակի հետագա տարածումը կանխարգելելու հարցում:

«Մենք միջոցներ ենք ձեռք առնելու, որ արտակարգ դրության ռեժիմը հնարավորինս խստորեն պահպանվի, մյուս կողմից` կոչ եմ անում, խնդրում՝ մեզնից յուրաքանչյուրը մնա հենց այդ ռեժիմի տրամաբանության և շրջանակների մեջ»,- նշեց վարչապետը:

Աղբյուրը՝ shantnews.am