Նախկինները փորձում են օգնել նորերին, բայց լսող չկա

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունը միջոցառումների մի քանի փաթեթներ է մշակել, որով հույս ունի մեղմել տնտեսվարողներին ու բնակչությանը հասցվող վնասները։ Բայց, ինչպես միշտ, կա՛մ էլի թարս տեղից են սկսել, կա՛մ վնասները չեզոքացնելու փոխարեն որոշել են հետևանքների դեմ պայքարել․ մոտավորապես այսպիսին է կառավարության մոտեցումը, որ զգացվում է նրա վարած տնտեսական քաղաքականության տողատակերում։ Եվ այս ամենի հիմնական հեղինակը փոխվարչապետ, նախկին բանկիր Մհեր Գրիգորյանն է, ում ուշք ու միտքը բանկերն են, բանկային համակարգն ու վարկային փաթեթներով տնտեսության անկումը կանխելը։

Դժվար է ասել՝ արդյոք կո՞ղմ են այս մոտեցումներին կառավարության ֆինանսատնտեսական բլոկի մյուս «մենեջերները»՝ Ատոմ Ջանուղազյանը, Դավիթ Անանյանը կամ թեկուզ Գրիգորյանի «վարկային արտոնությունները» տնտեսվարողներին առաջարկող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ի դեպ, այդ փաթեթներից այդպես էլ տնտեսվարողները չեն կարողանում լիարժեք օգտվել։ Շատ քչերն են համապատասխանում կառավարության սահմանած չափանիշներին, որ ինչ-որ վարկային կամ ֆինանսական աջակցություն ստանան։

Մինչդեռ կան ոլորտի պրոֆեսիոնալներ, որոնք այլ մոտեցումներ ունեն, որոնք տեղյակ են համաշխարհային փորձից, գործիքներից և փորձում են օգնել կառավարությանը, աջակցել, որ դուրս գանք ճգնաժամից, սակայն կառավարությունը, կարծես թե, որոշել է «միանձնյա» պայքարել վիրուսի դեմ։ Եվ եթե խոսքը հատկապես նախկինների մասին է, ապա կառավարությունը նրանց հանդեպ առավել քան վերապահումներ ունի, խանդով է վերաբերվում, թե «ո՞նց կարող են նախկինները իրենց ճիշտ խորհուրդներ տալ»։ Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ այս օրերին կառավարությանը տարբեր խողովակներով փորձել են օգտակար լինել նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, որոնք պատրաստ են օգնել ծածուկ՝ առանց դա թմբկահարելու։ Բայց ապարդյուն՝ Փաշինյանն ու իր թիմը կարծես թե կոմպլեքս ունեն ուրիշների, առավելևս նախկինների կարծիքը լսելու հարցում։ Նրանց համար Արամյանն ու Գաբրիելյանը համարվում են «նախկին թալանչի ռեժիմի մաս»։ Թեպետ, որոշ խորհրդակցություններ անցկացնում են նրանց հետ, բայց պաշտոնապես որևէ համագործակցություն չկա։

Երեկ մեզ հետ զրույցում Վարդան Արամյանը, որը չէր ուզում շատ ծավալվել այս թեմայով, այնուամենայնիվ չհերքեց, որ եղել է նման փորձ իրենց կողմից՝ աջակցելու կառավարությանը։ Հարցին՝ իրենց հրավիրե՞լ են որևէ հարցով այս ընթացում քննարկման կամ իրենք փորձե՞լ են հանդիպել կառավարության անդամներին, վարչապետին, առաջարկել իրենց օգնությունը, Արամյանն ասաց․ «Ոչ, չեն հրավիրել, մենք ուղղակի անձնական հարաբերությունների դաշտում խոսում ենք։ Միակ հրավերն եղել է ԱԺ տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կողմից, որտեղ մենք գնացել մեր կարծիքները, տեսակետները հայտնել ենք, նաև պատրաստակամություն ենք հայտնել, որ եթե ինչ-որ ձևաչափով կարող ենք օգտակար լինել, մենք միշտ պատրաստ ենք»։

Ինչ վերաբերում է նրան, թե հատկապես ի՞նչ են առաջարկում իրենք, ի՞նչ գործիքներ պետք է օգտագործի այժմ կառավարությունը, Արամյանն ասաց` հիմնականում պետք է ակտիվացնել հարկային գործիքները, այլ ոչ թե հիմնական շեշտը դնել բանկային համակարգում կիրառվող գործիքների վրա, որոնք չեն կարող այդքան արդյունավետ լինել այս փուլում։

«Հիմա մենք այն վիճակում ենք, որ պետք է արդեն դիպչենք հարկային գործիքին, օրինակ՝ հարկային արձակուրդ տրամադրել, որը ամբողջ աշխարհում է կիրառվում։ Նախ պետք է տնտեսվարողների լիկվիդայնության հարցը լուծել, հետո անցնել վարկային գործիքների կիրառմանը։ Իսկ հիմա հարկային արձակուրդի տրամադրումն ուղղակի անխուսափելի է։ Եվ պետք է հայտարարել ոչ թե այն, թե ում են տալիս օգնություն, այլ հայտարարել, թե ում չեն տալիս, քանզի այդպես շատ ավելի հեշտ է որոշել՝ ով պետք է օգտվի աջակցությունից»,-ասաց պարոն Արամյանը։

Նա նաև ասաց, որ առաջիկայում ինքը ավելի մանրամասն կշարադրի իր առաջարկները, թեպետ՝ ինչպես հասկացանք, այս ամենը նաև ԱԺ-ում հանդիպմանն է ներկայացվել։

Այն, որ Բաբկեն Թունյանը բաց է համագործակցության համար և խնդիր չի տեսնում անգամ նախկիններին դիմելու, առնվազն նրանց կարծիքը ևս լսելու, դա, իհարկե, գովելի է, հատկապես այսօր՝ երբ բոլորը միասնականության կոչ են անում։ Բայց այն, որ կառավարության մոտ բարդույթներ են նկատվում նախկինների, առավելևս՝ պրոֆեսիոնալների հետ աշխատելու մասով, սա, միանշանակ, տխուր հետևանքների կարող է հանգեցնել։ Իսկ կառավարության նախկիններն էլ՝ Ջանջուղազյանն ու Անանյանը, կարծես թե քաշվել են երկրորդ պլան, չեն ուզում բացահայտ պատասխանատվություն ստանձնել մի քաղաքականության համար, որը վաղը կարող է պարզվի՝ սխալ էր, ուշացած կամ ձախողված։ Իսկ, Աստված մի արասցե, վերջնական ձախողման դեպքում, բնականաբար, կսկսեն արդեն մեղավորներ փնտրել՝ եւ դա կլինի ոչ թե կառավարության ղեկավարը, այլ ոլորտների պատասխանատուները։

Աղբյուրը՝ hraparak.am