Հայաստանում 215 հազար անձի թոշակները հասցվել են իրենց տներ

Հայաստանում փոստատարները 215 հազար թոշակառուի տներ են հասցրել նրանց թոշակները, գործընթացը շարունակվում է:

Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» աշխատանքի համար:

«Հազարավոր աշխատակիցներ այս օրերին իրենց ծառայությունն են մատուցում մեր քաղաքաքացիներին, նաև խոցելի խմբերին: Արդեն հայտնել էինք, որ փոստատարները կառաքեն թոշակները խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուների համար, որոնք կանխիկ էին ստանում: Հիմա այդ գործըընթացը գրեթե ավարտին է մոտենում: Ընդհանուր առմամբ արդեն իսկ 215 հազար թոշակառուի թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ»,-ասաց նախարարը:

87 հազար ընտանիքների արդեն առաքվել են նաև իրենց նպաստները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված միջոցները:

Արշակյանի խոսքով՝ կենսաթոշակառուների թոշակներն արդեն 96 տոկոսով հասցված են հասցեատերերին, իսկ նպաստների մասով այդ ցուցանիշը 77 տոկոս է: Առաջիկա օրերին գործընթացը ավարտին կհասցվի:

Աղբյուրը՝ blog.168.am