Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ պարետի որոշմամբ՝ ավելի քան երկու շաբաթ չեն աշխատում ռեստորանները, սրճարանները և սնունդ մատուցող մի շարք այլ հաստատություններ: Պարզելու համար, թե առկա պայմաններում մսի վաճառք կարողանո՞ւմ են իրականացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերները, 168.am-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ Արարատի մարզի բնակիչ, անասնաբույժ, ֆերմեր Լևոն Գրիգորյանից։
«Իհարկե, չի վաճառվում: Դեռ մինչև արտակարգ դրության սահմանումն էլ չէր վաճառվում, հիմա՝ առավել ևս: Հիմա գիտե՞ք ինչ ստացվեց, եղավ այն, ինչ ասում էինք դեռ սպանդանոցների դեմ ակցիաների ժամանակ: Մենք մեր անասունները վաճառեցինք, շատ մեծ պարտիաներով դուրս տարան պարսիկներն ու արաբները: Բայց իրենք սահմանափակում ունեին, տանում էին 1 տարեկան կամ 1.5-ական որձ հորթեր, իսկ դա անասունների գլխաքանակի 1/3-ը կամ 1/4-ն էր: Դրանք տարան մինչև սահմանափակումը, հետո սկսվեց էս ամեն ինչը: Արժեքները իջեցրել, սարքել են հեչ բան, հիմա միսն արժեք չունի, անասուն պահելը դարձել է անիմաստ, անասունի արժեքն էլ է իջել: Խանութներում էլ պահանջարկ չկա: Ֆերմերը լրիվ վատ վիճակում է հայտնվել»,- ասաց Գրիգորյանը:
Քիչ առաջ ֆեյսբուքում նկար տարածվեց, որ իջել է խոզի մսի գինը: Լևոն Գրիգորյանը վստահեցնում է, որ, եթե սահմանափակումները չլինեին, գինը, միևնույն է, իջնելու էր՝ կապված ներկրումների հետ:
«Երբ չեն թողնում ներկրեն, մսի արժեքը մինչև 2000 դրամ հասնում է, ներկրելու ժամանակ 1500-1600 դրամով միս չէինք կարողանում ծախեինք: Կենդանու՝ մեկ կիլոգրամ քաշ հավաքելու համար ծախսում ենք 3500-3700 դրամ, որ ստանաս 2000 դրամանոց մեկ կգ միս»,- ասաց ֆերմերը:
Օրեր առաջ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ տավարաբուծության համար գյուղացիներին տրվելու են 0 տոկոսով և արտոնյալ պայմաններով վարկեր: Արդյո՞ք չեն օգտվի այդ հնարավորությունից ֆերմերները։ Մեր զրուցակիցն ասաց, որ դիմողներ շատ կլինեն, բայց հարց է, թե ինչպե՞ս են հետագայում այդ վարկերը վճարելու:
«Անտոկոս վարկ են ասում, շատ հրապուրիչ է հնչում: Ենթադրենք՝ 10.000 հայտ կա, դրանից 5000-ն ինչ-որ բանի մեջ կներդնեն այդ գումարը, մտածող կլինեն, մնացածը՝ կապված այս վատ պայմանների հետ, վարկերը կվերցնեն, բայց հետո… մենք մի ժամանակ երկու տոկոսով խնդրում էինք, որ տավարաբուծության վարկ տան: 1988թ.-ից այս գործի մեջ եմ, բայց վարկ չեմ վերցրել, ավելի լավ է՝ քիչ լինի, բայց վարկով չլինի, դա մի ուրիշ փորձանք է, շուկա չունենք: Խելացի անասնագոմերից են խոսում: Մինչև մեր գյուղ հասնելը մի այդպիսի անասնագոմ կա, տերը վարկերի տակ ճռռում ա: Հեշտ չէ: Բանկերն էլ ազգային չեն, որ իմանանք գոնե, թե մեր տանջանքով ո՞ւմ ենք հարստացնում»,- ասաց Լևոն Գրիգորյանը:
Էկոնոմիկայի նախարարությունից նաև հայտնել էին, որ 89 նոր սպանդանոց է կառուցվում մարզերում:
«Սպանդանոց սարքողները, եթե օլիգարխներ չեն, եթե ինձ նման ֆերմերներ են, հենց ընկան այդ վարկերի տակ, ուրեմն համարեք, որ խորտակված են, վերջ: Ես որ նայում եմ շարժին, մենք շատ լուրջ տուժելու ենք այս վիրուսի պատճառով: Խոսքն արտահանման մասին է, որը չկա հիմա: Ներկրումը, չգիտեմ՝ կա՞, թե՞ ոչ»:
Ֆերմերը պնդում է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերն Արարատի մարզում շատ են, և դա պատահական չէ:
«Արարատի մարզում մարդիկ այս ու այն կողմ են գցում իրենց, որ կարողանան միս վաճառել, դրանից է: Արարատի մարզն է շարժուն վիճակում, մարդիկ հիմա կոտորվում են, ի՞նչ անեն: Առևտրականը, մորթողը, խանութների աշխատակիցները, ինձ նման ֆերմերներն ի՞նչ անեն»:
Աղբյուրը՝ 168.am