104-ամյա իտալուհին դարձել է կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդն աշխարհում

104-ամյա իտալուհին դարձել է նոր տեսակի կորոնավիրուսից ապաքինված աշխարհում ամենատարեց մարդը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ կինը վերապրել է նաև 1918թ. միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած իսպանական գրիպը:

Ազա Զանուսոն վարակվել է Իտալիայի հյուսիսում գտնվող Բիելա քաղաքի ծերանոցներից մեկում: Նրա մոտ եղել են կորոնավիրուսի բոլոր ախտանշանները՝ շնչառական խնդիրներ, բարձր ջերմություն, փսխում: Նրա դեպքում կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:

Կնոջը բուժած բժիշկը պատմել է, որ Զանուսոն վեր է կացել անկողնուց և արդեն տեղաշարժվում է:

«Նա չի կորցրել մտքի պայծառությունը: Նրա ապաքինումը մեծ ուրախություն էր մեզ համար և հույս՝ այդ բարդ օրերին տառապողների համար»,-ասել է բժիշկը:

Ըստ worldometers.info կայքի՝ Իտալիայում գրանցվել է ախտահարման 128 948 դեպք, որից 15 887-ը՝ մահվան ելքով: 

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների քանակով առաջատար է ԱՄՆ-ն: Երկրում գրանցվել է վարակման 336 851 դեպք: Իսկ մահերի քանակով առաջին տեղում Իտալիան է:

Նշենք, որ ամբողջ աշխարհում կա 1 276 117 ախտահարված, գրանցվել է մոտ 70 000 մահվան դեպք:

Tert.am