Աջակցություն կտրվի կորոնավիրուսի հետևանքով սոցիալական դժվարություն ունեցող որոշ ընտանիքների

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Նախարարը շեշտեց՝ միջոցառումը մեծ թվով մարդկանց է վերաբերում:

Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.

  • երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
  • երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ, և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
  • երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից.
  • երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
  • երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով: Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ըստ էության, այս ծրագրի իրական շահառուն հանդիսանում են ոչ թե ծնողները, այլ երեխաները, ուստի արձանագրում են, որ յուրաքանչյուր երեխայի կտրվի նպաստ՝ 26 500 դրամի չափով, եթե նրանց ծնողները 2020 թ. մարտի 12-ի դրությամբ չեն ունեցել աշխատանք կամ կորցրել են աշխատանքը: Վարչապետն ընդգծեց՝ այս խմբից դուրս են գալիս այն մարդիկ, ովքեր հունվար-փետրվար ամիսներին որպես համախառն եկամուտ ունեցել են 500 000 դրամ:

Կառավարության որոշումն ընդունվեց: