Դժվար է գտնել սփոփանքի խոսքեր. Սերժ Սարգսյանը ցավակցել է Լևոն Արոնյանին

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից, Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին.

«Սիրելի՛ Լևոն,

Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին խոր վիշտդ ու կմեղմեին Արիանայի անդառնալի կորստյան ցավը:

Իմ և տիկին Ռիտայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում քեզ, քո և Արիանայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։

Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն սիրելի Արիանայի հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի ձեզ:

Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: