Լուսինե Բադալյանը շշպռեց Արսեն Թորոսյանին

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ ամբիոնից առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պորտը տեղը դրեց ու շշպռեց նրան: Բանն այն է, որ Արսեն Թորոսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջի «սթորի» բաժնում ծաղրել էր Լուսինե Բադալյանին իր տված այն հարցազրույցի համար, որի վերնագրում նշված էր. «Դիակն ինչպե՞ս է վարակակիր համարվելու, եթե չի շնչում»: Նախարարը սա սքրին էր արել և դրա վերաբերյալ քվեարկություն կազմակերպել, թե արդյոք դիակը շնչո՞ւմ է, թե՞ ոչ:

«Այսօր առավոտյան իմ գործընկերներն ինձ ցույց տվեցին, որ առողջապահության նախարարը երեկվա իմ հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել ֆեյսբուքում: Ես ուզում եմ նախարարին և, ընդհանրապես, բոլորին, վերահաստատել այն, ինչ ես երեկ ասել եմ ու մի փոքրիկ «սպռավըչկա» հատուկ նախարարի և այն մարդկանց համար, ովքեր չեն հասկանում: Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, և, հետևաբար, մահացածին դիահերձման ժամանակ, քանի որ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի շնչում, չի հազում և չի փռշտում, հետևաբար վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով: Հետևաբար, դիահերձման կանոնները պիտի համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին»,-ասաց Լուսինե Բադալյանը:

Ապա անդրադարձավ Արսեն Թորոսյանի արարքին՝ խորհուրդ տալով ֆեյսբուքյան չարաճճիությունների և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն ոլորտին և նախագծին վերաբերող հարցազրույցներն ու ելույթները լսել ամբողջությամբ, որից հնարավոր է՝ շատ բան սովորի:

«Եվ երկրորդ, եթե ես հանկարծ մի օր որոշեմ Ձեր բոլոր սխալները, պարոն նախարար, մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության կամ էլ էստեղից հայտնել, հետևանքները, վստահ եմ, Ձեզ հաստատ հաճույք չեն պարգևի: Եվ, ընդհանրապես, քննադատությանը պետք է ինչ-որ կերպ դիմանալ և հիշել, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է արտահայտել ցանակցած միտք, և որևիցե մեկը իրավունք չունի նրան դրա համար ծաղրել: Առողջապահության նախարարն էլ, մի քիչ, որ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է՝ այսօր մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը»,-ասաց Լուսինե Բադալյանը:

Աղբյուրը՝ hraparak.am

ՀԱՐԱԿԻՑ ՆՅՈՒԹԵՐ