Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհին դադարեցնել «բոլոր տեսակի պատերազմները» և գործել որպես «մեկ մարդկային ընտանիք»՝ պայքարելու Covid-19 կորոնավիրուսի համավարակի դեմ:
Ինչպես հայտնում է CNN-ը, Ֆրանցիսկոս պապի ավանդական կիրակնօրյա ելույթը հեռարձակվել է Վատիկանից, քանի որ կորոնավիրուսի պատճառով Սուրբ Պետրոսի հրապարակը փակ է այցելությունների համար:
«Համատեղ գործողություններն ընդդեմ համավարակի կարող են օգնել յուրաքանչյուրիս հասկանալ եղբայրական կապերն ամրապնդելու կարիքը՝ որպես մեկ մարդկային ընտանիքի անդամների», – ելույթի ավարտին ասել է սրբազան քահանայապետը՝ միանալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչին:
Այս կոչով համաշխարհային կազմակերպության ղեկավարը հանդես էր եկել օրեր առաջ կորոնավիրուսի տարածման ֆոնին, որը «սահմաններ չի ճանաչում»:
Միանում եմ բոլոր նրանց, ովքեր ընդունել են այս կոչը և հրավիրում եմ բոլորին դադարեցնել բոլոր տեսակի պատերազմները, թշնամությունը և աջակցել մարդասիրական օգնության համար միջանցքների բացմանը և դիվանագիտության թափանցիկությանը» ,- ասել է Հռոմի պապը: