«Եթե տեսնում եք փաստ, ուղղակի նկարեք և ուղարկեք մեզ»․ Գեղամ Գևորգյանը դիմեց քաղաքացիներին

«Մենք ուղիղ կապի մեջ ենք ալյուրի խոշոր արտադրողների հետ և իրենց մոտ թանկացում չի եղել։ 1-2 դրամ մի քանի տեսակի ալյուրի գնի մեջ թանկացել է՝ կապված նոր ձեռք բերված ցորենի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ վստահեցնելով, թե ալյուրի գնի վերաբերյալ բողոքներին անմիջապես արձագանքում են։

«Եթե տեսնում եք փաստ, ուղղակի նկարեք և ուղարկեք մեզ, նաև նշեք, թե որ տնտեսվարող սուբյեկտի մոտ է դա տեղի ունեցել։ Եթե տեսնենք, որ շենքի բակի փոքր խանութում է թանկացում տեղի ունեցել, մենք, իհարկե, որոշակի միջոցներով կփորձենք հորդորել, որ դա տեղի չունենա, բայց մեր տիրույթում իրենք այսպես, թե այնպես չեն գտնվում»,-ասաց նա։

Գեղամ Գևորգյանը նշեց, որ շուկայում առկա գները կհրապարակեն, որ փոքր տնտեսվարող մի սուբյեկտ չասի, թե արտադրողն է թանկացրել, դրա համար է իրենց մոտ ալյուրի գինը բարձրացել․ «Մենք արտադրողին և ներմուծողին ամենօրյա հսկողության տակ ենք պահում, բայց հանրապետության բոլոր խանութները չենք կարող վերահսկել»։

Նա նշեց, որ իրենց աշխատակիցները պատրաստում են «Նոր Զովք» և «Երևան-Սիթի» սուպերմարկետներում ամենաշատ սպառվող ապրանքների գրաֆիկական պատկերը, որպեսզի քաղաքացիները կողմնորոշվեն։

Աղբյուրը՝ 168.am