ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մանրամասնել է, թե ինչ պատիժներ են սահմանված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատիժները սահմանող օրենսդրական փաթեթը խորհրդարանն ընդունեց մարտի 23-ին՝ 117 կողմ ձայնով:
- Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով,
- մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ.
– այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով,
– երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով,
– մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։
- Գիտակցաբար այլ անձի կամ անձանց Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար:
Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնական հրապարակումից հետո, և դրանք հետադարձ ուժ չունեն:
Հայաստանում մարտի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 194 է: Հանրապետությունում կա 600-ից ավելի մեկուսացված անձ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: