«Ստացիոնար բուժման արդյունքում Մանվել Գրիգորյանը հայտնվեց մահվան եզրին». Փաստաբանը՝ իր պաշտպանյալի՝ բուժումից հրաժարվելու մասին

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը իր խափանման միջոց կալանքը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելուց հետո բուժումը շարունակում է տանը: Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը հրաժարվում է ստացինար բուժումից ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում բուժվել, այլ՝ քանի որ դա անօգուտ է.

«Մանվել Գրիգորյանը ոչ թե չի ցանկանում հիվանդանոցում բուժվել, այլ հիվանդանոցն ինքը տևական ժամանակ ստացիոնար բուժում իրականացրեց, արդյունքում՝ անձը հայտնվեց մահվան եզրին: Այսինքն՝ տեղի պայմաններով չկարողացան անձին բուժել։ Դա ֆիքսվել է բժշկական փաստաթղթերով: Անձը պայքարում է իր կյանքի համար, բժիշկների հսկողությունը 24-ժամյա է: Անկախ նրանից, որ Մանվել Գրիգորյանը տանն է գտնվում՝ նրան միացված են վերակենդանացման սարքավորումներ»:

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմն օրենքով սահմանված բոլոր գործառույթներն իրականացնում է, որ իրենց պաշտպանյալը կարողանա բուժումը շարունակել այնտեղ, որտեղ կկարողանան նրան օգնել:

«Մենք Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկից, որտեղ Մանվել Գրիգորյանը վիրահատվել էր, կվիտանցիա ունենք: 1.5 տարի հիվանդանոցում ստացիոնար բուժվեց և հիմա էլ է բուժվում՝ լավագույն բժիշկների հսկողությամբ, արդյունքում՝ հիվանդություններն ավելացան և վատթարացան: Դրանից հետո դրսի բժիշկներն արձագանքեցին, այն հիվանդանոցից, որտեղ Գրիգորյանը վիրահատվել է, գրություն ուղակեցին, թե՝ շտապ ուղարկեք, ինքը մեր հիվանդն է, որ կարողանանք մեր գործառույթներն իրականացնել: Պետության պոզիտիվ պարտավորությունն է՝ ընդառաջ գնալու և հարազատների միջոցների հաշվին թույլատրելու, որ անձը շարունակի բուժումը, հակառակ դեպքում ունենալու ենք հիվանդությունների ավելացում ու վատթարացում՝ իր բոլոր բացասական հետևանքներով»,- ասաց Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել էր հունվարի 15-ին՝ Դատախազության միջնորդությամբ: Փետրվարի 21-ին նա դուրս էր գրվել Նաիրի ԲԿ-ից՝ սեփական պատասխանատվությամբ: Դրանից հետո նրա վիճակը կտրուկ վատացել էր: Գրիգորյանին նորից էին տեղափոխել հիվանդանոց: Վիճակի կայունացումից հետո նախկին պատգամավորը վերադարձել էր տուն:

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն):

Աղբյուրը՝ 168.am