Եթե էպիդեմիան տարածվի և հետ գնա Չինաստան, որի վտանգը կա, խնդիրը դրված է տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցողների պաշտպանության վրա. Արսեն Թորոսյան

Մարտի 19-ի առավոտյան ունենք կորոնավիրուսի վարակման 115 դեպք, 1 առողջացման դեպք, վարակակիրների վիճակը բավարար է:

Այսօր կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսով վարակակիրների վիճակագրությունը՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրազեկեց նաև, որ վարակված մեր քաղաքացիներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան՝ նախարարը ներկայացրեց նաև աշխարհում կորոնավիրուսի տարածվածության դինամիկան, ըստ որի՝ կորոնավիրուսի օջախները որոշ երկրներում կարողացել են մարել:

«Օրինակ՝ երեկ Չինաստանում նույնիսկ մեկ դեպք չի արձանագրվել, փոխարենը՝ բռնկումները շարունակվում են Եվրոպայում, որտեղ դեպքերը 10 հազարին են հասնում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, մահերի թիվը հասնում է 3000-ի: Նշեմ, որ մահացածների մեծ մասը բարձր տարիքի են՝ 70 և ավելի, հետևաբար՝ մշտապես շեշտում ենք, որ հենց այդ տարիքի պարագայում է մեծ ռիսկը, որին ավելանում են հարակից հիվանդությունները»,- ասաց նախարար Թորոսյանը՝ հավելելով, որ, եթե էպիդեմիան տարածվի ամբողջ աշխարհում և հետ գնա, օրինակ, Չինաստան, որի վտանգը կա, հիմնական խնդիրը դրված է տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցողների պաշտպանության վրա, և մենք էլ այդ ուղղությամբ կսկսենք աշխատել: