«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Թավադյանի պաշտպանի բողոքը՝ վերջինիս կալանավորման որոշման դեմ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ իրենց բողոքը բավարարվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով. «Այժմ կգնանք «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ժամերի ընթացքում, գուցե ավելի շուտ պարոն Թավադյանը կլինի ազատության մեջ»,- նշեց նա։

Թավադյանը, հիշեցնենք, մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից Մարտի 1-ի գործով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Վերջին անգամ նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել էր փետրվարի 19-ին: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, նույն տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:

Հիշեցնենք նաեւ, որ դատավորը երեկ մերժել էր դատախազի կողմից իրենց ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Աղբյուրը՝ armtimes.com