ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված 29-ամյա տղամարդու կնոջը երեկ կրկին կորոնավիրուսի ախտորոշման թեստ են արել, և պատասխանը բացասական է եղել։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան։ 29-ամյա տղամարդն Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:
«Ծաղկաձորում մեկուսացված վարակված տղամարդը, ինչպես նրա հետ շփված կամ նրա մոտ գտնվող 31 մեկուսացվածներն իրենց լավ են զգում։ Ստացվում է` կորոնավիրուսը շատ վարակիչ չէ, և հնարավոր է համատեղ ապրողներից մեկի մոտ այն առկա լինի, մյուսի մոտ` ոչ»,–ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` Ծաղկաձորում մեկուսացվածներն ապահոված են ամեն ինչով` գրքերով, ինտերնետով, հեռուստացույցով։ Թորոսյանը վստահեցրեց` հանրապետությունը կարող է ապրել իր բնականոն հունով։
Նախարարը հայտնեց նաև, որ այս ընթացքում կորոնավիրուսի ախտորոշման 162 թեստ է արվել, բոլորը բացասական են եղել, բացի մեկից։ Եթե ամեն ինչ այս հունով գնա, ըստ Թորոսյանի, երկու շաբաթ հետո կարող են անդրադառնալ հարևան երկրների հետ սահմանափակումների վերանայմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հայտնեց` ստուգման նպատակով հայ–վրացական սահմանին կուտակված 20-30 բեռնատար մեքենաներն այսօր կկարողանան հատել սահմանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով էլ` հատուկ ցուցումներ չունենք դասերը չսկսելու, և եթե իրավիճակը մնա այնպես, ինչպես հիմա է, երկուշաբթիից կսկսեն դասերը։
Հիշեցնենք, որ մարտի 2–ից մեկ շաբաթով հետաձգվել էին դասերը` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։
Աղբյուրը՝ armeniasputnik.am