Հայաստանում քաղաքական ազատականացումը դրական է ազդել Լեռնային Ղարաբաղի վրա. Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում – 2020» զեկույցը, որի Հայաստանին վերաբերող հատվածում ներկայացված է Լեռնային Ղարաբաղում արձանագրված դրական տեղաշարժեր:

Զեկույցը փաստում է, որ Հայաստանում քաղաքական ազատականացումը և 2018թ. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա: Մասնավորապես, տեղական ընտրություններին ընդառաջ ԼՂ-ում ավելացել է մրցակցությունը և քաղհասարակության ակտիվությունը, ինչն իր հերթին հարթակ է ստեղծում 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի և խորհրդարանի ընտրություններում այլ փոփոխությունների համար:

Միևնույն ժամանակ զեկույցի հեղինակները փաստում են, որ Ղարաբաղը առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից, որտեղ հակառակ պատկերն է: «Եվրասիայի տարածաշրջանի մյուս անջատված տարածքները, որոնք օկուպացված են Ռուսաստանի զորքերի կողմից, շարունակում են մնալ լճացած, այստեղ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների անկում է արձանագրվել»,-փաստում են իրավապաշտպանները:

Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ տարածաշրջանի միակ դրական տեղաշարժերը նկատելի են Հայաստանում և Ուկրաինայում: Նոր առաջնորդները, որոնք իշխանության են եկել համակարգային բարեփոխումների խոստումներով, Հայաստանում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ուկրաինայում` նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայում` Մայա Սանդուն, առաջին քայլերն են նախաձեռնել կաշառակեր ուժերին արմատախիլ անելու ուղղությամբ, որոնք խոչընդոտում էին իրենց երկրներում ժողովրդավարական ձգտումներին:

Ինչ վերաբերում է աշխարհի մյուս երկրներին, ապա զեկույցի համաձայն 2020թ. աշխարհում ժողովրդավարությունը շարունակում է խոչընդոտների է հանդիպել: Զեկույցի հեղինակները կարծում են, որ հետընթաց են գրանցել ոչ միայն Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը, այլ նաև ժողովրդավարական ավանդույթներ ունեցող մի շարք երկրներ:

Թարգմանությունը՝ Aravot.am-ի