ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել, փոխանցում է Associated Press-ը՝ հղում անելով նահանգի պաշտոնատար անձանց։

Մինչ այդ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաղորդել էր երկրում կորոնավիրուսով վարակման 62 դեպքի մասին։

Ըստ South China Morning Post-ի տվյալների՝ աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 29-ի առավոտյան հասել է 85 153-ի: Միևնույն ժամանակ, Չինաստանում հիվանդության 79 251 հաստատված դեպք կա, Չինաստանի մայրցամաքից դուրս վարակվածների թիվը հասել է 5902-ի:

Մայրցամաքային Չինաստանից դուրս գտնվող հատվածում կորոնավիրուսի զոհերի թիվը աճել է՝ 70-ից հասնելով 88-ի. 34 մարդ մահացել է Իրանում, 21-ը՝ Իտալիայում, 16-ը՝ Հարավային Կորեայում, 11-ը՝ Ճապոնիայում (նրանցից չորսը Diamond Princess նավի ուղևորներ են), երկուական՝ Հոնկոնգում և Ֆրանսիայում, Թայվանում և Ֆիլիպիններում գրանցվել է մահվան մեկական դեպք:

Աղբյուրը՝ shantnews.am