«Փորձագետը, ելակետային տվյալները օգտագործելով, եկել էր նրան, որ ես չէի կարող կանխել այդ վթարը»,- լրագրողների հետ զրուցում ասել է ՊՎԾ լիազորությոնները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող` երեխայի վրաերթի դեպքով հարուցած քրեական գործին:
Սանասարյանը խոսել է նաև իր և ՊՎԾ նախկին աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի մասին:«Ես ամենասկզբից մտածում էի՝ ինչ կապ ունեմ այս գործի հետ, էս ի՞նչ են քննում, որտե՞ղ եմ հայտնվել, ինձ հետ կապ չունեցող պրոցես է։ Իմ նպատակը եղել է օրենքի տառը ապահովելը, ես չեմ ճանաչում տվյալ կազմակերպություններին: Դատախազը պնդում է՝ քանի որ տվյալ կազմակերպությունն է այդ սարքավորումը տրամադրել բժշկական կենտրոններին, դրա համար պահանջ է ներկայացվել, որ իրենց նյութերով սպասարկեն, օրենքն ասում է, որ չափորոշիչները պետք է խտրական չլինեն: Էս պարագայում որևիցե ձևով այլ կազմակերպություն չէր կարող մասնակցել գնումների գործընթացին, նշված է դիալիզատորի մոդելը։ Այնպես է գրած, որ այլ կազմակերպություն չկարողանա մասնակցել։ Մինչև հիմա առողջապահության նախարարությունն այդ չափորոշիչներով է գնում, ինչի՞ մինչև հիմա չեք փոխել: Ինձ բերել են, ներկայացրել, որ հիմնավորվել է, որ «Գնումների մասին» օրենքին համապատասխանում է մեր առաջարկը, ես դրանով առաջնորդվել եմ և այդ առաջարկը եղել է բժշկական կենտրոններին»,- ասել է Սանասարյանն այսօրվա դատական նիստի ընդմիջմանը:
Հիշեցնենք` Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտների մասին տեղեկություններ պահանջելու գործառույթ, խմբային շահերից ելնելով՝ ծառայողական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։
Քրեական գործով անցնում է ևս 3 ամբաստանյալ՝ ՊՎԾ աշխատակիցներ Սամվել Ադյանը, Գևորգ Խաչատրյանը, «Զորաշեն» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Դատարանն այսօր սկսեց ապացույցների հետազոտումը։ Քրեական գործը կազմված է 28 հատորից:
Աղբյուրը՝ shantnews.am