Երեւանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցում շուրջ մեկ ամիս է՝ խաթարված է դասապրոցեսը: Պատճառն ամիսներ առաջ տեղի ունեցած իրադարձությունն է, որի պատճառով սրվել են դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներից մեկի մոր եւ մայրենիի ուսուցչուհի Հայկավարդ Դավթյանի հարաբերությունները: Այս ամենն այնքան է խորացել, որ երեկ դասապրոցեսի ժամանակ երեխայի մայրը քաշքշել, նույնիսկ հարվածել է ուսուցչուհուն:
Թե ինչ է տեղի ունեցել երեկ
Երեկ 5-րդ դասաժամին, երբ մայրենի լեզվի ուսուցչուհի Հայկավարդ Դավթյանը դեռեւս նոր էր ողջունել աշակերտներին եւ պատրաստվում էր նրանց տետրերը բաժանել՝ աշակերտներից մեկի ծնողը ներս մտնելով հայհոյանքներ է հասցրել մանկավարժի հասցեին, այնուհետեւ քաշքշել, ճանկռել, իսկ վերջում ապտակել նրան:
30 աշակերտներ, որոնք ականատես են եղել այս տեսարանին, խուճապի են մատնվել: Դասարան մտած ծնողի տղան, որը եւս սթրեսային իրավիճակում է գտնվել, իջել է տնօրենի սենյակ ու կանչել նրան, որ կանխի իրավիճակը: Մինչ այդ ուսուցչուհու ճնշումն է բարձրացել եւ ստիպված կանչ է գրանցվել շտապ օգնության ծառայություն, որը հանգստացնող դեղորայք է տվել ե´ւ ուսուցչուհուն ե´ւ երեխային:
Այդ օրը մայրն առավոտվանից է երեխայի հետ հաստատություն մտել՝ պատճառաբանելով, թե ցանկանում է մասնակցել դասապրոցեսին, տնօրենն էլ ընդառաջել է՝ փորձելով հարթել նրա եւ ուսուցչուհու մեջ ավելի վաղ եղած տհաճ խոսակցությունը:
Այն Դավթյանի ապտակը չէր, ուսուցչի ապտակ էր
Ծնողի եւ վերոնշյալ մանկավարժի միջեւ հարաբերությունները սրվել են ամսիներ առաջ: Երեխայի մայրը դիմել է կրթական հաստատություն, որպեսզի աշխատանքից հեռացվի տվյալ դպրոցի մայրենիի ուսուցչուհին՝ նշելով, որ նա հարվածել է իրենց տղային: Երեխայի մայրը նաեւ դիմել է Երեւանի քաղքապետարան, ՀՀ ոստիկանություն, սակայն հիմքեր եւ ապացույցներ չեն եղել՝ գործին ընթացք տալու համար: Ծնողը դեռ ամիսներ առաջ դպրոցում փորձել է հարվածել ուսուցչուհուն, սակայն անձնակազմը թույլ չի տվել:
Թե երբ է եղել այդ դեպքը, եւ ինչ է իրականում տեղի ունեցել, պատասխանները հակասական են: Վերոնշյալ ծնողը քաղաքապետրանում ու ոստիկանությունում պատմել է, որ մանկավարժը ծեծել, ապա համոզել է երեխային, որ ոչինչ չպատմի: Մայրենի լեզվի ուսուցչուհի Դավթյանըմեր զրույցում կտրականապես ժխտեց դա, ասաց՝ երբեւէ ո՛չ հարվածել է տղային, ո՛չ էլ վիրավորել:
Նրա կարծիքով՝ ծնողի քայլը վրեժխնդրություն է: Ինչպես պատմեց, անցած տարի լրացրել է երեխայի բացակայությունների 200 ժամը, նա մնացել է նույն դասարանում, որից հետո ոչինչ չի փոխվել ու դարձյալ բացակայությունները հասել են անթույլատրելիի շեմին: Մի անգամ, երբ ծնողը դասից փորձել է տանել տղային, ուսուցչուհին հիշեցրել է, որ կարող է նույն խնդրին բախվել ու դժգոհել, որ հաճախ երեխան անպատրաստ է ներկայանում, այս ամենը կարծես թե դուր չի եկել ծնողին:
2 օր անց դպրոցում ամեն ինչ խաթարվել է, քաղաքապետարանից, ոստիկանությունից այցեր ու զանգեր են սկսվել: Ծնողը չի համաձայնել երեխային այլ դասարան տեղափոխել, այլ միայն պահանջել աշխատանքից ազատել ուսուցչին:
Դավթյանը իր աշակերտին ներկայացրեց հետեւյալ կերպ՝ ասաց՝ նա այն մարդը չէր, որ որեւէ մեկը ձեռք բարձրացներ կամ դիտողություն աներ: Տղան ընկճվածություն ունի, քանի որ նույն դասարանում է մնացել, նաեւ ճնշվածություն ծնողների կողմից:
Ուսուցչուհին այս դեպքի հետ կապված դիմել է ոստիկանություն եւ մարդու իրավունքների պաշտպանին: Մեր զրույցի ընթացքում չկարողանալով զսպել արցունքները: «Այն Դավթյանի ապտակը չէր, այն ուսուցչի ապտակ էր»,- ասաց նա:
Հաստատության տնօրեն Նարինե Շառյանի կարծիքով՝ տվյալ ուսուցչուհին ծնողի թիրախում է հայտնվել, քանի որ բարձրաձայնել է բացակայությունների խնդրի մասին։ Տղան նախորդ դպրոցում եւս հաճախակի է բացակայել:
Նրա խոսքով՝ երեխայի մայրը, երբ տեսել է, որ աշխատանքից չեն հեռացնում ուսուցչուհուն, տղային մեկ այլ դպրոց է տարել՝ առանց գործերը հաստատությունից վերցնելու, ապա որոշ ժամանակ անց արդեն երեխայի հետ եկել դպրոց ու խնդրել, որ ինքն էլ դասերին մասնակցի:
Քանոնով հարվածել է, բայց կապտուկը չկա
Այսօր առավոտյան երեխան կրկին դասին ներկա չէր: Ուսուցիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ հայրը՝ Հովհաննես Քոչարյանը, եկել է ու տարել՝ պատճառաբանելով, որ աշակերտը նստել է մեխին ու վնասվել:
Ավելի ուշ երեխայի հորը հանդիպեցինք դպրոցի դռների մոտ: Վերջինս նշեց, որ տեղյակ չէ՝ կինը հարվածե՞լ է ուսուցչուհուն, թե ՝ոչ, բայց եթե նույնիսկ հարվածել է, ապա պահի ազդեցության տակ՝ իր երեխային պաշտպանելու համար, քանի որ մանկավարժն էլ տղային է ավելի վաղ ծեծել:
Նրա խոսքով՝ երեխան սկզբում պատմել է, որ ուսուցչուհին քանոնով հարվածել է, հետո թրջոց դրել, որոշ ժամանակ անց տղան խոսքը փոխել է ու ասել, որ ոչ մի բան էլ չի պատահել:
Հայրը կարծում է, թե որդուն համոզել են՝ լռել, քանի որ նա ոչ մի կերպ չի ցանկանում դասերին հաճախել: Ծնողներն, այնուամենյնիվ, երեխայի ձեռքերին որեւէ կապտուկ չեն տեսել, ուշ են իմացել տարարվածի մասին:
Հոր պարզաբանմամբ՝ նրա բացակայությունների պատճառն առողջական խնդիրներն են, իսկ եթե սովորեր, ապա գերազանցիկ կլիներ: «Ես ուզում եմ՝ երեխան հանգիստ գնա դպրոց, այստեղ, թե ուրիշ հաստատություն»,- ասաց նա:
Դասարանի ծնողական խորհրդի նախագահ Չինար Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տվյալ աշակերտը դասարանցիների հետ խնդիր չի ունեցել, թեպետ երբեմն շատ աշխույժ են լինում, վազում, իրար հրում են դասամիջոցներին:
Կկանոնակարգվեն ծնողների եւ ուսուցիչների փոխհարաբերությունները
Այսօր դպրոցում էր նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը քննարկում ունեցավ դպրոցի տնօրենի, փոխտնօրենների եւ աշակերտի հոր հետ: Ավելի ուշ Վիրաբյանը նշեց, որ 2 կողմին էլ լսել է եւ խորհրդակցություն կազմկակերպել՝ ուսուցչին սատարելու համար: «Ուսուցիչը, այս դժվարին պայմաներում աշխատելով, արժանի չէ, որ իր վրա ձեռք բարձրացնեն»,- ասաց նա:
Քննարկման արդյունքում որոշվել է առաջարկել փոխել երեխայի դասարանը, իսկ ոստիկանությունն էլ իր հերթին կանցկացնի անհրաժեշտ հետաքննություն, որպեսզի պարզի՝ արդյոք եղել է բռնություն երեխայի նկատմամբ:
Վիրաբյանի խոսքով՝ այսօր տրվել են հանձանարականներ ոչ միայն դպրոցի ղեկավարությանը, այլեւ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը, եւ այսուհետ կկանոնակարգվեն ծնողների եւ ուսուցիչների փոխհարաբերությունները: Ծնողները չեն կարող ներկա լինել այնտեղ, որտեղ գտնվելու իրավունքն օրենքով չունեն: «Մենք ամեն ինչ կանենք, որ մեր ուսուցիների անվտանգությունն ապահովենք»,- արձանագրեց Երեւանի քաղաքապետի տեղակալը:
Աղբյուրը՝ armtimes.com