Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ փետրվարի 25-ին, կազմակերպել էր «Այո»-ի շտաբի դրամահավաք։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ միջոցառմանը։ Նա խոստացավ, որ հանրաքվեին կեղծիքներ թույլ չեն տալու։
«Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա։ Հակառակ դեպքում կնշանակի, որ ջնջում ենք մեր ամբողջ ապրած կյանքը, մերժում ենք մեր արժեքները»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը հանրաքվեի անցկացումը համարեց ժողովրդավարության անշրջելիության գործընթացի մաս։ Նրա խոսքով՝ երկրի կառավարությունն ու ԱԺ-ն արդեն անցել են ժողովրդավարության ճանապարհը, այժմ հերթը դատական իշխանությանն է։
«Հայաստանում չի կարող լինել օղակ, որը չի ներկայացնում ժողովրդին։ Բայց ներկայիս Սահմանադրական դատարանը չի ներկայացնում ժողովրդին։ Չլուծել այս ինստիտուցիոնալ խնդիրը, նշանակում է, կներեք, տղամարդկանց հատուկ է ամեն ինչ ընկալել մեքենաների լեզվով, դա նույնն է, որ S դասի Mersedes վարես «Մոսկվիչ 408»-ի անվադողերով»,-նշեց Փաշինյանը։
Նշենք, որ «Այո»-ի շտաբի դրամահավաքին մասնակցում են նախարարներ, «Իմ քայլի» պատգամավորներ, բարերարներ, քաղաքացիներ։
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին։ Հանրաքվեն ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել մեկ հարցի` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։
Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։
Փոփոխություններին դեմ է «Ոչ» նախաձեռնությունը, որին ԿԸՀ–ն գրանցել է փետրվարի 18-ին։ «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է իրավաբանների խմբից։ Քաղաքական ուժերը հանրաքվեին չեն մասնակցի։
Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացվի 3 մլրդ 447 մլն դրամ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am