Ինձ խոստանում էին ազատ արձակում, եթե փակեմ «Ժամանակ Երևան» օրաթերթի խմբագրությունը․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ շաբաթ է և հիվանդ եմ, որոշեցի էս մասին գրել․

2007թ․ գարունն էր, արդեն շուրջ մեկ տարի գտնվում էի անազատության մեջ։

2006թ․ հունիսին ազատազրկվելուց ի վեր ինձ բազմաթիվ պաշտոնյաներ և ԱԱԾ աշխատակիցներ են այցելել՝ անձամբ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից։

Ինձ խոստանում էին ազատ արձակում, եթե փակեմ «Ժամանակ Երևան» օրաթերթի խմբագրությունը Երևանում և լքեմ Հայաստանը ու վերադառնամ Միացյալ նահանգներ, որտեղից ընդմիշտ վերադարձել էի 2006 թվականին։

Ներքին խողովակներով ինձ հայտնի դարձավ, որ 2007թ․ գարնանը ԱՄՆ Պետդեպը հրապարակելու է Աշխարհում մարդուր իրավունքների վիճակի վերաբերյալ 2006թ․ զեկույցը, որտեղ ես ներկայացված եմ որպես քոչարյանական պաշտոնավարման շրջանի առաջին քաղբանտարկյալ, և իշխանությունը ցանկանում էր ամեն կերպ լեզու գտնել ինձ հետ, համոզել, որպեսզի ես համաձայնեմ իրենց պայմաններով լքել բանտը՝ այդպիսով զեկույցից բացառել իմ մասիվ որևէ հիշատակում։

Բոլոր փորձերն էլ անհաջող անցան։ Շուտով «Նուբարաշեն» ՔԿՀ պետ նշանակվեց համակարգի հետ ոչ մի առնչություն չունեցող Քոչարյանի տիկնոջ բարեկամներից մեկը։ Համենայնդեպս բանտում այդպես էին ներկայացնում նորանշանակին։

Սա էլ որոշել էր «օրենքով գողերին» գործի դնել և նրանց ու բերդի նայողի միջոցով «հարցերս լուծելու» և ինձ «կոտրելու» համար խուցս փոխել։

Խցակից ընկերս, ով մի քանի տարի առաջ դաժանաբար սպանվեց, և ում մի քանի կյանք եմ պարտք, խնդիրը լուծել էր և հանցավոր ծրագիրը ձախողել էր ավելի հեղինակավոր և ազդեցիկ «օրենքով գողերի» միջոցով՝ առանց նույնիսկ իմ իմացության։ Ես ոչ մի խուց չտեղափոխվեցի, և ամեն ինչ մնաց նախկինի պես։

Անազատության երեքուկես տարվա ընթացքում երկու «օրենքով գողերի» հետ եմ առնչվել։ Մեկը բնակվում է Ռուսաստանում։ Ճանաչված և հեղինակավոր «գող» է։ Նրա հետ նույն խցում բնակվել ենք Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Օրենքով գողի հետ նույն խցում բնակվելու փաստը չափազանց մեծ նշանակություն ունի հանցաշխարհում։

Ինձ համար դա սովորական բան էր, բայց միևնույն ժամանակ դա հանցաշխարհի ազդեցիկ պարագլուխներից մեկի հետ իմ անմիջական շփումների կարևոր շրջան էր։

Ավելի ուշ հենց նրա միջոցով ինձ հայտնի դարձավ իմ դեմ՝ օրվա իշխանության կողմից սանձազերծված ավելի դաժան ծրագրերի մասին։ Դրանցից առանձին դրվագների մասին մի առիթով կպատմեմ։

Ասածս ինչ է՝ իմ դեմ ձեր ֆեյսբուքյան հարձակումները, ձեզ պատկանող հեռուստաընկերություններով պատրաստված և սփռվող ֆիլմերն ու ռեպորտաժները իմ մասին, ոչինչ են այն բոլոր զրկանքների ու տառապանքների համեմատ, որ ես լուռ ապրել եմ անձամբ Քոչարյանի հրամանով անազատության մեջ, բայց ուզում եմ, որ բոլորը իմանան՝ բանտարկությանս 3,5 տարվա ամեն օրը համարում եմ կարևոր։

Անազատության, նույնիսկ բարդագույն վիրահատության ելքով ավարտված կալանքի ամեն օրվա համար երախտապարտ եմ Քոչարյանին։ Այսօր, առավել ևս։

Լուսանկարում ես եմ 2008թվականին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում»: