«Կարելի արդյո՞ք վստահ լինել, որ հանրաքվեի կդրվեն նաև Ամուլսարի և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցերը»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․ «Դիտեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը: Սկսեմ լավ լուրից: Առաջին անգամ իմ ընկեր Պետրոսը չէր գնացել վարչապետի «դուռը», այլ երկրի առաջին դեմքը եկել էր հեռուստատեսության տաղավար… ինչպես մնացած շարքային մահկանացուները: Անկեղծ հաճելի էր տեսնել նման տեսարան:

Իսկ հիմա, օգտվելով Պետրոսի վաղեմի ընկեր լինելու հանգամանքից, մի հարց էլ ես տամ (կամ ինչպես կասեր մեծն Հրանտ Մաթևոսյանի հերոսներից մեկը, մի հատ էլ ես քննեմ): Ընդամենը մեկ հարց

Պարոն վարչապետ, Դուք ասացիք, որ Հայաստանում այսուհետ ընտրությունները ցնցումների հետ չեն ասոցիացվելու և իշխանությունները հանրաքվեի ինստիտուտը ուժեղացնում են: Այս պարագայում կարելի արդյո՞ք վստահ լինել, որ հանրաքվեի ինստիտուտի ուժեղացման ճանապարհին համաժողովրդական հանրաքվեի կդրվեն նաև 2018թ. մայիսից այս կողմ երկու կռվախնձոր դարձած հարցերը` Ամուլսարի խնդիրը և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը… առավել ևս, որ երկու հարցն էլ գալիս են նախկին կոռումպացված իշխանություններից:

Հ.Գ. Մի երկու հարց էլ ունեմ, բայց այդ հարցերը կհնչեցնեմ, երբ ստանամ այս մեկի պատասխանը: Կանխավ շնորհակալ եմ

ՀՀ շարքային քաղաքացի Կարեն Քոչարյան»։