Երբ երկրի համար մեկ պաշտոնյան լավ կառավարում ասելով հասկանում է միայն կոռուպցիայով չզբաղվելը

Պետական կառավարման մեջ նորմեր կան, որ երբ անտեսում ես, հանրությունը քեզ չի ներելու, եթե ոչ գիտակցականում, ապա ենթագիտակցական հարթության մեջ հանրության հավաքական միավորը մի օր կարթնանա ու այդ նորմերը խախտողների վրա «խաչ կքաշի»` իր գնահատականը նաև գործողության տեսքով տալով:

Սրանց շարքին են դասվում, պետությանդ մեջ քո կառավարման ենթակա մարմիններում մարդկային զոհերը վիճակագրություն դարձնելն ու դրան «պատմական մինիմում» պիտակավորելը: Սա անմարդկայնության և անտարբերության դրսևորում է, քանզի ցանկացած մեկ մահվան դեպքում, լուրջ հետևանքներ պետք է լինեին` առնվազն պաշտոնյաների ազատում և պատասխանատվության ենթարկում: Իսկ, երբ երկրի համար առաջին պաշտոնյան շարունակում է իր երկրի քաղաքացու ողբերգությունը վիճակագրություն դիտարկել` ասելով թե պետք է ձգտել պահել մինիմումը, ապա ոչ միայն խախտում է այդ նորմերը, այլ նաև ինքն իրեն մերժվածների շարքին դասում: Եվ ինչպես ասեցի, հանրության հավաքական գիտակցությունը կարթնանա ժամանակի ընթացքում և իր գնահատականը կտա:

Իսկ մինչ այդ գիտակից անհատները կքվեարկեն ոտքով (կլքեն երկիրը)` իրենց ուղղակի գնահատականը տալով կյանքը չարժեվորող անտարբեր կառավարչի անմարդկային կառավարմանը:

հ.գ.

Նախկին համար մեկ պաշտոնյան` Ս. Սարգսյանը, անզգուշություն էր ունեցել տարբեր դրվագներում իր քաղաքացու ցավն ու դարդը արհամարհող, անմարդկային կառավաչի իր էությունը ի ցույց դնել: Վառ օրինակներից է աղքատ ու միայնակ մնացած գյուղացու որդու երկրից հեռանալու մեջ մեղադրել հենց այդ գյուղացուն` առանց իր մեղավորությունը գիտակցելու, հետն էլ երևույթը պիտակավորել` «սենց եք անում, որ խիարը թարս ա աճում»: Սա իհարկե կառավարչի կողմից ավելի մեղմ «հանցանք» է, քան վերը նշվածը, սակայն միևնույն է հանրության ենթագիտակցության մեջ սա մնացել է և նման արարքների հանրագումարը դարձավ մերժման բուն պատճառը (այլ ոչ մինչև հիմա անհայտ մութ ու սև ֆինանսական գործարքները):

հ.գ.գ.

Երբ երկրի համար մեկ պաշտոնյան լավ կառավարում ասելով հասկանում է միայն կոռուպցիայով չզբաղվելը (այն էլ ուղղակիորեն պետական գանձարանից փող գողանալու իմաստով), ապա նա ստանում է քաոս կառավարման փոխարեն, հետն էլ լիքը կոռուպցիա:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: