Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. ակնկալում են հրատապ արձագանք

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի  իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի վերաբերյալ դեռևս սույն թվականի փետրվարի 3-ին բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայացված բողոքում մանրամասն նկարագրվել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել Գ.Խաչատրյանի նկատմամբ սույն քրեական գործի քննության սկզբից մինչ օրս:

Ըստ պաշտպանի՝ ի թիվս այլնի, նշվել է, նաև որ Գ.Խաչատրյանը 2015 թվականից կանոնավոր կերպով բուժում է ստացել Գերմանիայի Դաշնության Մամբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնում, որտեղ  թվով երեք վիրահատության է ենթարկվել: Վերջին անգամ ծանր և բարդ վիրահատության է ենթարկվել 2018 թվականի սկզբին՝ ողնաշարի հատվածում ինպլանտ է տեղադրվել, որից հետո պետք է պարտադիր հետվիրահատական վերականգնողական բուժում ստանար, որպեսզի խուսափեր վիրահատական բարդություններից և կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից, սակայն քանի որ ՀՀ-ում քննվող քրեական գործով հեռախոսազանգ է ստացել քննիչից և կանչվել հարցաքննության, անմիջապես դադարեցրել է հետվիրահատական վերականգնողական բուժումը, վերադարձել ու ներկայացել քննիչին, որտեղ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց  է կիրառվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քանի որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, ուստի վիրահատությունն իրականացրած բժիշկ-պրոֆեսորի կողմից գրավոր տեղեկացվել է, որ նա պարտադիր պետք է շարունակի հետվիրահատական վերականգնողական բուժումը, որպեսզի խուսափի կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից: Այդ մասին հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին և միջնորդել ենք Գ.Խաչատրյանին մեկ շաբաթով թույլ տալ մեկնել Համբուրգ և բուժում ստանալ:

Նշված միջնորդության քննարկումը քննիչի կողմից հետաձգվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Առողջապահության նախարարին հանձնարարվել է ՀՀ առաջատար մասնագետների մասնակցության բժշկական կոնսիլիում հրավիրել և պարզել, թե արդյոք Գ.Խաչատրյանի մոտ առկա է այնպիսի հիվանդություն, որը բուժման կարիք ունի:

Բժշկական կոնսիլիումն արձանագրել է, որ Գ.Խաչատրյանին անհարժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում:

Բնականաբար, այդ եզրակացությունը ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր լինելու բավարարեր պաշտպանի միջնորդությունը և թույլատրել, որպեսզի Գ.Խաչատրյանը կարճաժամկետ մեկնի Գերմանիա և համապատասխան բուժում ստանա, ուստի վարույթն իրականացնող մարմինը Առողջապահության նախարարության հետ համաձայնեցված կարգով այնպես են արել, որպեսզի դեռևս 04.07.2019թ. տրված կոնսիլիումի եզրակացությունը չտրամադրվի վարույթն իրականացնող մարմնին և այն տրամադրվել է միայն 2 ամիս անց՝ սեպտեմբեր ամսին՝ Գ.Խաչատրյանին կալանավորելուց հետո, դրանից հետո նրան ևս զրկելով վիրահատության ենթարկվելու հնարավորությունից:

Բնականաբար, հետվիրահատական պարտադիր վերականգնողական բուժումը չստանալու հետևանքով առաջացել է կրկնակի վիրահատության անհրաժեշտություն, իսկ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում շուրջ 5 ամիս որևէ բուժում չստանալու և միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետևանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, ինչի հետևանքով նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել և հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը ևս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան և նշել, որ նա ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի: Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաև բուժման և առողջության պահպանման հնարավորությունից:

Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն և ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են, ուստի փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաև բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և մենք հույս ունենք, որ վերջինս կարձանագրի պետական իրավասու մարմինների կողմից թույլ տված այս խախտումները, ինչն ազդակ կլինի, որպեսզի անձանց նկատմամբ այլևս նման խտրական, անօրինական և կամայական  վերաբերմունք չդրսևորվի:

168.am