«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, ինչը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Փետրվարի 9-ին հերթական տեղեկությունը ստացվեց, որ զինծառայող Վալերի Պետրոսյանը հանկարծամահ է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մահացած զինվորը երկու օր առաջ դիմել է զորամասի բուժկետ եւ հայտնել, որ իրեն լավ չի զգում, սակայն զորամասի բուժկետում հերքում են այդ տեղեկությունները, եւ անգամ զորամասի գրանցամատյանում չկա որեւէ գրառում, որ զինվորը դիմել է բուժկետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահները պարզել են՝ զորակոչվելիս զինվորը որեւէ սահմանափակում չի ունեցել, ասել է թե՝ առողջական որեւէ խնդիր չի ունեցել՝ նաեւ բժշկական պաշտոնական եզրակացության տվյալներով:
Ի դեպ, սա այս տարվա հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում 8-րդ մահվան դեպքն է, ու զինվորները չեն մահացել հակառակորդի կրակոցից, այլ խաղաղ պայմաններում՝ տարբեր հանգամանքներում:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ բանակում տեղի ունեցած դեպքերից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փոխնախարարներից մեկին հանձնարարել է ստուգումներ իրականացնել զորամասերում եւ ստուգայցեր կատարել: Բայց գործընթացը մի փոքր դանդաղել է, քանի որ ՊՆ եւ ԶՈՒ փոխհարաբերությունները լարված են: Ու այս պայմաններում, ըստ լուրերի, դժվար է գտնել Զինված ուժերի գլխավոր շտաբից որեւէ ներկայացուցիչ, որը կկարողանա ՊՆ-ի հետ համագործակցված գործունեություն իրականացնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: