«Այս օրերին պարբերաբար կրկնում են ԱԺ֊ում հնչած այն թյուր մեկնաբանությունը, թե Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ՍԴ դիմելու ԱԺ լիազորությունը ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ Է։ Նույն կերպ պնդում են, որ եթե ՍԴ դիմելը հայեցողական չլիներ, ապա, օրինակ՝ յուրաքանչյուր հանրաքվեից հետո ԱԺ խմբակցությունները պարտադիր պետք է այն վիճարկեին ՍԴ֊ում։ Փորձեք ավելի համոզիչ իրավական փաստարկներ բերել, եթե այդպիսիք կան։
Նախ, այս դեպքում, առանց որևէ տրամաբանական բացատրության, անհարկի մի հարթության վրա են դրվում հայեցողական (սրանք սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածի միայն 1-ին մասով) և բացարձակ լիազորությունները, որոնցից մեկն էլ հենց ԱԺ֊ի կողմից ՍԴ դիմելն է։ Եթե հակառակ տրամաբանությամբ շարունակենք, կստացվի, որ Կառավարությունը ևս միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցով պարտավոր չէ դիմել ՍԴ և, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան անմիջապես իր հայեցողությամբ կարող է ներկայացնել ԱԺ֊ի վավերացմանը։ Ավելին, եթե վաղը քաղաքացիական նախաձեռնությամբ Սահմանադրության փոփոխության մեկ այլ նախագիծ առաջադրվի, ընդունված նախադեպի հիմքով չի գործելու այդ նախագծի սահմանադրականության առնչությամբ ՍԴ դիմելու պահանջը։
Այսպիսով, կխնդրեի զերծ մնալ կենցաղային հարթությամբ դատողություններից։ Անպայման և անխտիր կանդրադառնամ նաև հրապարակվող բոլոր մյուս «իրավական» փաստարկներին, այդ թվում՝ այն պնդմանը, թե ՍԴ դատավորները իրավասու չէին քննելու իրենց կարգավիճակին վերաբերող որևէ գործ։
Չկա որևէ քաղաքական խնդիր, որ հնարավոր չլինի լուծել իրավաչափ եղանակներով, ուստի կարելի էր խուսափել անհարկի վիճահարույց իրավիճակներից։ Միաժամանակ, պատրաստ եմ առաջիկայում անդրադառնալ խնդրով հետաքրքրվող անձանց իրավական հարցադրումներին, պարզապես կխնդրի ինձ չդիմել քաղաքական ասպեկտներով՝ ինքս որևէ քաղաքական ուժի չեմ հարում …»,-այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: