Արարատ Միրզոյանի մասին դիտարկվել են մեծաքանակ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

2020 թվականի հունվարի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 564 հոդված, որոնցից 97-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 455-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին դիտարկվել են մեծաքանակ բացասական հոդվածներ։ Բացասական հոդվածների մեծ մասը կապված է Արարատ Միրզոյանի կողմից հունվարի 30-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի և դրա ընթացքում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ծավալված քննարկումների հետ։

Քննադատությունների հիմք էր հանդիսացել այն փաստը, որ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ չեղարկել և հետաձգել էր նիստի անցկացման ժամը։ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն օրենքի Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախնական տարբերակի վերաբերյալ ասել է․ «Առաջին հայացքից «պարզունակ» թվացող այս օրենսդրական նախաձեռնությունը իրականում ունի հստակ և իր հետևանքներով վտանգավոր քաղաքական նպատակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնում՝ շրջանցելով Սահմանադրական դատարանը և փոփոխությունների սահմանադրականության ստուգումը»։

Ըստ մամուլի հրապարակումների՝ դատարանը վերադարձրել է Արարատ Միրզոյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի` դրանում առկա թերությունների պատճառով։

Նարեկ Սամսոնյանն Արարատ Միրզոյանի մասին գրել է. «Ըստ չհերքված տեղեկության, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, 14 հոգանոց պատվիրակությամբ Արցախ այցի ընթացքում տեղի ռեստորաններից մեկում պատվիրել է ամենաթանկարժեք ուտեստներ ու խմիչք: Ճաշկերույթի հաշիվը կազմել է շուրջ 2 մլն դրամ, որը վճարվել է ՀՀ պետբյուջեից»:

Էդմոն Մարուքյան, իր հերթին, դժգոհ է Արարատ Միրզոյանի աշխատանքից։ Ըստ Մարուքյանի՝ Ազգային ժողովի նախագահն անաչառ չէ և ներկայացնում է միայն «Իմ քայլը» դաշինքը, ոչ թե ամբողջ ԱԺ-ն։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դեռևս չի ամփոփել մամուլի անդրադարձերը փետրվարի 6-ին Աժ-ում տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։ Այդ հոդվածին կարող եք ծանոթանալ մեր հետագա անդրադարձերում։

Tert.am