«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վիլեն Գաբրիելյանին դեռ 2018-ին էին պաշտոն խոստացել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամն Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նշանակվեց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում՝ Վիլեն Գաբրիելյանը հերթական քայլողն է եղել, ում դեռ 2018-ից էին պաշտոն խոստացել։
Մեր աղբյուրը հավաստիացնում է, որ Վիլեն Գաբրիելյանը, նույն ինքը՝ «Նավակ ճոճողը» շատ մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանափոխությունից հետո Տեր-Պետրոսյանը միջնորդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար դառնա կա՛մ Վլադիմիր Կարապետյանը, կա՛մ Վիլեն Գաբրիելյանը, սակայն վարչապետ Փաշինյանն ընտրել է Վլադիմիր Կարապետյանին, քանի որ Նավակ ճոճողը մասնագիտությամբ դեղագործ է։
Բայց Նիկոլ Փաշինյանն իր խոսքի տերն էր, վերջապես գտավ համապատասխան աշխատանք «բազմակողմանի զարգացած» դեղագործի համար։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ քայլած քարը գետնին չի մնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: