ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչ վերաբերում է այն օրենսդրական և սահմանադրական փոփոխություններին, որոնք պետք է քննարկվեն ԱԺ-ի` փետրվարի 6-ի արտահերթ նիստում, ապա ես ունեմ հարցեր, որոնց պատասխաններն, ըստ էության, չստացա։
1. Իշխանությունն ուներ բավական ժամանակ, որ հանգիստ, առանց անիմաստ վազվզելու վերլուծեր այս տարբերակները, դներ հանրային քննարկման, գոնե դարձներ դիսկուրսի առարկա։ Սակայն տեղի ունեցավ հակառակը։ Ինչո՞ւ:
2. Ինչո՞ւ այս փոփոխությունները չարժանացան գոնե մակերեսային վերլուծության հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից (օրինակ` նույն Վենետիկի հանձնաժողովի կողմից), որ հետաքրքրված կողմերը ունենային քչից շատից ինչ-որ իրավական գնահատական։ Եվ դա այն դեպքում, որ բազմաթիվ ոչ այնքան հնչողություն ունեցող օրենքների նախագծեր արժանանում են բազմաշերտ և խորացված վերլուծական գնահատականների։
3. Մի՞թե հնարավոր է 100 տոկոսով լինել համոզված, որ այս որոշումների իրագործումը չի դառնա մահակ երկրի գլխին և հաշվարկվա՞ծ են արդյոք իրավական և քաղաքական ռիսկերը ներքին և արտաքին քաղաքական դաշտում։
Մի խոսքով, հարցերը շատ են, իսկ պատասխաններ չկան։
Ես մնում եմ իմ այն համոզմունքին, որ այս կերպ և այս բովանդակությամբ ներկայացված վիճելի օրենսդրական և սահմանադրական նախաձեռնությունները հետագայում հագեցնելու են լրջագույն ինստիտուցիոնալ խնդիրների»: