Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել էր, որ կիրակի օրն ընտանիքով գնացել էին Արցախ՝ որդուն՝ Աշոտին տեսության, ճաշել էին ճամփեզրի ռեստորանում, որից հետո, երբ վճարել է հաշիվը, պարզվել է, որ ՀԴՄ կտրոն իրեն չեն կարողանում տրամադրել։ Վարչապետը ֆեյսբուքյան իր գրառման մեջ ընդգծել էր՝ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորի հացն է ուտում։
Վարչապետի գրառմանն արձագանքել էր ռեստորանի սեփականատեր Արշակ Զաքարյանը՝ պարզաբանելով, որ ՀԴՄ կտրոն տպող սարքն այդ պահին չի աշխատել, բայց այդ խնդիրն ավելի ուշ կարգավորվել է։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ որքան էլ կարևոր լինի ՀԴՄ կտրոնի տրամադրումը, միևնույն է՝ իր համար անընդունելի է, որ դրա մասին անընդհատ խոսում է երկրի վարչապետը։
«Ինձ համար արդեն էլ վարչապետի վարկանիշի մասին խոսակցությունները կարևոր չեն, կարևոր է հարցը, թե ինչո՞ւ է ՀԴՄ կտրոնի մասին այդքան շատ խոսում վարչապետը։ Կարծում եմ, որ նա գրառում անելուց առաջ պետք է գոնե պարզեր, որ այդ ռեստորանում վճարը հաստատագրված չէր, պարզելուց հետո նոր գրառում աներ։ ՀԴՄ պահանջելու առումով համաձայն եմ, բայց ինձ համար անընդունելի է, որ վարչապետն այդ մասին կարող է խոսել ամեն օր, կառավարության ամեն նիստի ժամանակ։ Չէ՞ որ պետք է հրահանգն այդ մասին տա ու հետո դա պահանջի, և ոչ թե՝ ամեն օր, ամեն ժամ դրա մասին խոսի»,- ասաց Քոչարյանը։
Աղբյուրը՝ 168.am