Սերժ Սարգսյանի եղբայրը կհարցաքննվի՞. պատասխանում է Շիրակի դատախազը

Գյումրիում «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից իրականացված շինարարության ընթացքում գրանցվել են չարաշահումներ: Շիրակի մարզի դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունն այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին տրամադրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Դատախազի տեղեկացմամբ`խոսքն ավելի քան 200 մլն դրամի չարաշահումների մասին է: «Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Այն հարուցվել է մոտ 20 օր առաջ, և այդ գործով արդեն իսկ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում նաև այն անձը, որը հեռուստատեսությամբ հայտնել էր այդ բնույթի չարաշահման մասին։ Մեր կողմից համապատասխան գերատեսչություններից պահանջվել են համապատասխան փաստաթղթեր»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:

Հայտարարության համաձայն` գումարն ավելի շատ է, քան 200 մլն դրամը, սակայն, ըստ դատախազի, նախնական տվյալները վկայում են 200 մլն մասին: «Քննությամբ կպարզենք` եթե խոսքը 200 մլն-ից ավելի գումարի մասին է, մենք գնահատական կտանք 200 մլն դրամից ավելի գումարի յուրացումների կամ այլ հանցավոր դրսևորումների մասով»,–ասաց Գաբրիելյանը:

Լրագրողների հարցին, թե այս գործով հարցաքննվելու՞ է արդյոք ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, հաշվի առնելով, որ «Գլենդել Հիլզը», ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է վերջինիս, Շիրակի մարզի դատախազը նշեց, որ անհրաժեշտության դեպքում բոլորը հարցաքննվելու են, այդ թվում նաև` Սերժ Սարգսյանի եղբայրը: «Գործի քննության ընթացքում, եթե պարզվի, որ որևէ մեկը թույլ է տվել չարաշահումներ՝ կառաջադրվի մեղադրանք, կապ չունի, թե ում եղբայրն է»,- նշեց Կարեն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ 2019թ–ին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։

Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։

armeniasputnik.am