Ինչպե՞ս կազմակերպել երեխաների սննդակարգը ամանորյա տոների ժամանակ

Տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել, ինչպես պնդում են բազմաթիվ մասնագետներ:

Անշուշտ, դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից, սակայն հյուրասիրության ժամանակ խնդիրներից խուսափելու համար պետք է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով, նշում են մասնագետները:

Երեխաների  մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով պետք չէ թույլ տալ նրանց շատ լիմոնադ և այլ հյութեր խմել։ Բազմաթիվ մասնագետներ նշում են, որ ցանկալի է՝ տոնական օրերին չգնել եւ սեղանին չդնել քաղցր գազավորված ըմպելիքներ՝ փոխարինելով դրանք ջրով՝ գազավորված կամ չգազավորված։

Ծնողներին նաեւ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել, որպեսզի երեխան ուրիշի տանը թարմ սնունդ ուտի։ Եթե երեխան պատրաստվում է միրգ ուտել, համոզվեք, որ այն մաքուր է։ Պետք է կրկնակի ուշադիր լինել փողոցում սնունդ գնելիս, հատկապես` թե որտեղ և ինչպես է պատրաստվել ուտելիքը, արդյոք աշխատակիցները ձեռնոց կամ էլ համապատասխան համազգեստ կրում են, արդյոք մաքուր է խոհանոցը, արդյոք  թարմ է այն։

Հիշեք` ինչքան վարակներ են անցնում չլվացված ձեռքերից: Երեխային պետք է սովորեցնել ձեռքերը լվանալ` պարտադիր ուտելուց առաջ և հետո: Ձեզ հետ վերցրեք թաց անձեռոցիկներ, որպեսզի ջուր չլինելու դեպքում երեխայի ձեռքերը չմնան անլվա:

news.am