Այդկերպ Մելոյանը փորձում է ապացուցել իր անմեղությունը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Նվարդ Թադևոսյանը՝ նշելով, որ 1 ամիս առաջ ամուսինը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Ասում է՝ նրա քաշը նվազել է 49 կգ-ով՝ 106-ից 57 կգ է դարձել, առողջական վիճակն էլ ծանրացել է:
Վահե Մելոյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 175 հոդվածով՝ ավազակային հարձակում կատարելու մեջ: Այս գործով հերթական դատական նիստը նախատեսված է 2020-ի հունվարի 14-ին (մինչ այդ նշանակված ոչ մի դատական նիստ չի կայացել. մի քանի դեպքում Մելոյանի ինքնազգացողությունն է վատ եղել, մեկ անգամ փաստաբանը չի ներկայացել): Ավազակային հարձակման դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին դեկտեմբերի 26-ին:
Կնոջ խոսքով՝ Մելոյանն արդեն երկրորդ անգամ է հացադուլ անում, առաջին անգամ 50 օր հացադուլի մեջ մնալուց հետո, առողջական վիճակի վատթարացումը ստիպել է դադարեցնել այն: Երկու ամիս բուժում ստանալուց հետո նա սեպտեմբերի 2-ին կրկին հացադուլ է հայտարարել, որը շարունակվում է մինչև դեկտեմբերի 23-ը: Մելոյանն այս ընթացքում մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել և ինքնավնասվել:
Նվարդ Թադևոսյանը նշում է, որ ամուսինը չի ընդունում մեղադրանքը, նրա դեմ ցուցմունք տվել է գործով մեղադրյալ ընկերը, քանի որ ցանկացել է ներքաշել այս գործում, ապա հետ է վերցրել ցուցմունքը:
«Իր պատասխանները մաքուր են եկել, ընկերներից մեկն է իր դեմ ցուցմունք տվել, հետո փոխել է ցուցմունքը»,-ասում է Մելոյանի կինը՝ նկատի ունենալով, թե ավազակային հարձակման ենթարկվածի տանը Մելոյանի՝ գործին մասնակցությունը հավաստող ապացույց չի գտնվել:
Կնոջ խոսքով՝ նույն այդ ընկերոջն ամուսինն օրեր առաջ ծեծել է, Մելոյանի դեմ «թշնամություն» է ունեցել ու ցուցմունք է տվել, հետո հետ է վերցրել ցուցմունքը:
Նվարդ Թադևոսյանն ուշագրավ է համարում նաև այն, որ ավազակային հարձակման ենթարկվածն իր ամուսնու դեմ ցուցմունք է տվել մեկ ամիս անց՝ ասելով, թե Մելոյանը, ենթադրյալ հարձակում գործելիս, ասել է իրեն՝ «Ինձ չհիշեցի՞ր»: Մելոյանի կինն անտրամաբանական է համարում այս ցուցմունքը:
Նվարդ Թադևոսյանն ասում է, որ այս գործի վրա էականորեն ազդում է նաև այն, որ Մելոյանը նախկինում դատվածություն է ունեցել դանակահարության գործով:
Կինը նշում է, որ ամուսնու՝ գնալով ծանրացող առողջական վիճակը նախկինում ևս լավ չի եղել. նա ունեցել է սրտի և նյարդային խնդիրներ: Նվարդ Թադևոսյանի խոսքով՝ պատկան մարմիններին ուղարկված իր նամակներն անարձագանք են մնացել:
«Ինքն իր ծայրահեղ քայլով ուզում է ապացուցել, որ անմեղ է ու ինքը չկա այդ գործի մեջ: Իր անմեղությունն ապացուցելու ուրիշ ձև չկա: Պաշտպանից է անգամ հրաժարվել, մենք էինք վարձել, բայց պաշտպանն ավելի շատ քննիչի կողմից էր»,-ասում է կինը՝ նշելով, թե հույս ունեն հանրային պաշտպանի ծառայություններից օգտվել:
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշում է, որ իրենք տեղյակ են Մելոյանի գործին և գիտեն, որ կալանավորը գտնվում է հացադուլի մեջ:
«Կոնկրետ Վահե Մելոյանի դեպքով, և այն մարդկանց, ովքեր հացադուլի մեջ են, աշխատում են սոցիալ-հոգեբանները: Բայց իրենք են որոշում, շարունակել հացադուլը, թե դադարեցնել»,- ասում է Նավիկյանը: