Շատ նորմալ, իսկ ինչո՞ւ պետք է վատ վերաբերվեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար գնված 27 հազար դոլար արժողությամբ մեքենայի գնմանը և դրա շուրջ առաջացած քննադատություններին:
«Եթե ես քննադատելու կարիք ունենամ, կքննադատեմ, դուք էլ կիմանաք այդ մասին»,- ասաց նա:
Հարցին՝ որպես ԱԺ պատգամավոր ինչպե՞ս է վերաբերում նման գնումներին, նա ասաց. «Շատ նորմալ, իսկ ինչո՞ւ պետք է վատ վերաբերվեմ»:
Հարցին էլ՝ նորմա՞լ է, որ ՀՀ վարչապետի դստեր համար 27 հազար դոլար արժողությամբ մեքենա է գնվում, նա արձագանքեց, որ եթե դրա կարիքը կա, նորմալ է: Իսկ հարցին՝ արդյոք դրա կարիքը կա՞, պատգամավորն ասաց, որ դա ինքը չի որոշում, դա արդեն գնողն է որոշում, ով պատասխանատու է դրա համար:
«Եթե օրենքի խախտում չի եղել, դա նորմալ եմ համարում»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ փաստորեն արդարացված է համարում գնումը, նա պատասխանեց. «Ես նման բան չասացի, դա արդեն ես չեմ որոշում, որովհետև գնողն արդեն ունի տեղեկատվություն նման գնումներ անելու հիմնավորումներ ունենալու կամ չունենալու համար»:
Անդրադառնալով հարցին առ այն, որ կա՞ արդյոք վարչապետի դստեր անվտանգությունն ապահովելու համար նման լրացուցիչ միջոցների կարիք, Եղոյանն ասաց. «Այդ հարցին պատասխանելու համար պետք է հավելյալ տեղեկություն ունենալ անվտանգության խնդիրների մասին, որպեսզի նման պնդում անել»:
Հարցի շուրջ Tert.am-ը զրուցել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ: «Պետական փողերո՞վ է գնվել էդ մեքենան, որ կարծիք եք ինձանից հարցնում. եթե այո, ես դա պետք է ճշտեմ, որովհետև ես վստահ չեմ, ես ավելի քան վստահ եմ, որ պետական փողերով վարչապետն իր երեխաների համար որևիցե բան չի գնել»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը՝ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է տեղեկությունը, նա ասաց, որ պետք է ճշտի, հիմա չի կարող որևէ բան ասել:
Tert.am-ը հարցի շուրջ փորձել է զրուցել իշխող ուժի այլ պատգամավորների հետ ևս, սակայն նրանք կամ չեն պատասխանել հեռախոսազանգերին, կամ չեն ցանկացել մեկնաբանել հարցը:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի ամենագնաց։ Պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար։ Ըստ մամուլի հրապարակման՝ մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը։
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով հրապարակումներին, նշել էր՝ Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։ Նա չէր հերքել տեղեկությունը՝ նշելով, որ «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին» և հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ: