Գլխացավի առաջացման 10 պատճառ, որոնց մասին մարդիկ հաճախ են մոռանում

Մարդիկ հաճախ ենթադրում են, որ գլխացավը պայմանավորված չէ խնդրով, սակայն իրականում այն երբեք առանց որևէ պատճառի ի հայտ չի գալիս: Մասնագետների խոսքով՝ մարդիկ մոռանում են գլխացավի առաջացմանը նպաստող մի շարք գործոնների մասին, մինչդեռ դրանցից խուսափելը կօգնի խուսափել նաև ցավից:

Կոֆեին

Քիչ քանակությամբ սուրճը կարող է շատ օգտակար լինել գլխացավերի դեմ պայքարում, սակայն չափազանց մեծ քանակությամբ սուրճ ու թեյ խմելու դեպքում մեծ է կոֆեինի գերդոզավորման հավանականությունը: Սա կարող է հանգեցնել անոթների տոնուսի փոփոխության, ինչն էլ կդառնա գլխացավի պատճառ: Բացի այդ, մեծ քանակությամբ կոֆեին օգտագործող մարդկանց մոտ գլխացավեր կարող են ի հայտ գալ սուրճի քանակությունը կտրուկ նվազեցնելու դեպքում:

Սխալ կեցվածք

Շատերն օրվա ընթացքում բավական երկար ժամանակ են անցկացնում համակարգչի առջև վատ կեցվածքով, ինչը շատ վնասակար է: Այս դեպքում ուսերը վեր են բարձրանում, իսկ գլուխը մոտենում է էկրանին, ինչը հանգեցնում է պարանոցի ու մեջքի մկանների մշտական լարվածության: Արդյունքում նման կեցվածքը փոխում է անոթների տոնուսն ու կարող է հանգեցնել գլխացավերի:

Քաղցի զգացում

Հաճախ գլխացավն սկսում է անհանգստացնել դեռ մինչ քաղցի զգացումի ի հայտ գալը: Սննդարար նյութերի պակասը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկման, իսկ այս գործընթացի մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկը գլխացավն է:

Մաստակ

Մաստակի երկարատև գործածության դեպքում գլխացավից խուսափել կարող է չհաջողվել, քանի որ ծամելու գործընթացը հանգեցնում է այտերի ու ծնոտի մկանների լարվածության, ինչն էլ իր հերթին ազդում է գլխի նյարդերի ու անոթների վրա:

Սթրես

Նյարդային ու գերզգայուն մարդիկ հաճախ են սթրեսի ենթարկվում, ինչն առաջին հերթին դրսևորվում է գլխացավով:

Եղանակի փոփոխություններ

Օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրանումը կամ նվազումը ոմանց դեպքում բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա: Եղանակային փոփոխությունները, մասնավորապես, ազդում են անոթների տոնուսի վրա, ինչը հանգեցնում է գլխացավերի:

Օծանելիք

Հաճախակի գլխացավերից կամ միգրենից գանգատվող մարդկանց համար օծանելիքի բույրերը կամ առհասարակ ինտենսիվ հոտերը կարող են դառնալ գլխացավի զարգացմանը նպաստող գործոններից մեկը:

Պանրի կամ երշիկի գործածություն

Որոշ դեպքերում երկար պահված պանրի կամ բորբոսով պանրի գործածությունը կարող է դառնալ գլխացավի նոպայի պատճառ: Սա պայմանավորված է դրանցում պարունակվող թիրամին նյութով: Ինչ վերաբերում է երշիկեղենին, ապա այն, ինչպես և վերամշակում անցած ցանկացած այլ մսամթերք, նույնպես պարունակում է թիրամին: Բացի այդ, այն հարուստ է նաև նիտրատներով, որոնք նույնպես կարող են դառնալ գլխացավի պատճառ:

Մարզումներ

Ակտիվ մարզումների ժամանակ ֆիզիկական գերլարվածությունը կարող է հավելյալ ծանրաբեռնվածություն դառնալ անոթների համար, ինչը բացասաբար կանդրադառնա դրանց վիճակի վրա: Բացի այդ, առատ քրտնարտադրությունը հանգեցնում է հանքանյութային բալանսի խանգարման, ինչն էլ նպաստում է գլխացավի զարգացմանը:

Պասիվ ծխելը

Անգամ այս դեպքում օրգանիզմում են հայտնվում նիկոտինն ու այլ տոքսինները, որոնք նեղացնում են արյունատար անոթներն ու բարձրացնում գլխացավի առաջացման հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru